18:12  ,  26 փետրվարի, 2019

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ. Ցանկանում ենք չորրորդ տարին անընդմեջ նվաճել չեմպիոնի կոչումը

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն ամփոփել է թիմի ձմեռային նախապատրաստական փուլը, խոսել է համալրումների և ծրագրերի մասին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Շատ լավ աշխատանք կատարեցինք նախապատրաստական փուլի ընթացքում: Սկզբում մարզվեցինք Երևանում, աշխատեցինք ֆունկցիոնալ վիճակի բարելավման վրա: Այնուհետև երկու բեղմնավոր արտասահմանյան հավաք անցկացրեցինք: Ծանրաբեռնված մարզումներին զուգահեռ 6 ստուգողական հանդիպումներ ունեցանք: Խաղացինք լավ մրցակիցների դեմ, ունեցանք 4 հաղթանակ, 1 ոչ-ոքի և մեկ պարտություն: Մեր մրցակիցները շատ ավելի մեծ բյուջե ունեին, սակայն մենք մեր խաղով ապացուցեցինք, որ լավ թիմ ենք:

Գոհացնող էին թե խաղը, թե արդյունքները, սակայն չեմ կարող ասել, որ մեր մոտ ամեն ինչ կատարյալ է: Խաղից խաղ բարելավելու ենք մեր ցուցադրած ֆուտբոլը, աշխատելու ենք սխալները վերացնելու ուղղությամբ: Դեռ շատ անելիքներ կան: Ունեցածով բավարարվելու միտք անգամ չունենք, քանի որ «Ալաշկերտը» մեծ ներուժ ունի, որը մենք պետք է լիովին բացահայտենք:

Կարևորում եմ այն փաստը, որ ստուգողական խաղերում հանդես էինք գալիս հիմնական կազմով և ռոտացիայի քիչ էինք դիմում: Մենք պահպանել ենք մեր ուժեղագույն ֆուտբոլիստներին և թիմի կորիզը ու այդ պարագայում մեր գլխավոր նպատակը խաղակցվածությունը բարելավելն էր:

Միևնույն ժամանակ, կետային սելեկցիա ենք կատարել` կոնկրետ խաղային դիրքերն ուժեղացնելու նպատակով: Կազմում շատ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկար: Կարծում եմ, որ այդ առումով մենք որոշակի առավելություն ունենք մրցակիցների նկատմամբ:

Այն փաստը, որ մենք համալրվել ենք Դենիս Թումասյանի և Ալեքսանդր Պրուդնիկովի նման փորձառու և որակյալ ֆուտբոլիստներով, շատ բանի մասին է խոսում:

Առաջին հերթին կնշեմ նրանց պրոֆեսիոնալ մոտեցումը: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մեր թիմի հնաբնակները շատ լավ ընդունեցին նորեկներին, ինչի շնորհիվ նրանք շատ շուտ ադապտացվեցին կոլեկտիվում և հարմարվեցին մեր թիմի խաղաոճին:

Սակայն, սելեկցիոն աշխատանքն ավարտված չէ. Դեռ կունենանք համալրումներ:

Այսօր մեր թիմում առողջ մրցակցություն կա բոլոր խաղային դիրքերում, ինչն առաջընթացի գլխավոր նախապայմաններից մեկն է: 11 հոգով չեմպիոն չեն դառնում:

Մենք պատրաստ ենք: Գտնվում ենք առաջին հորիզոնականում և մեր նպատակն անփոփոխ է. Ցանկանում ենք չորրորդ տարին անընդմեջ նվաճել չեմպիոնի կոչումը: Ձմեռային հավաքներից և համալրումներից հետո մենք էլ ավելի ենք ուժեղացել:

Միևնույն ժամանակ, պետք է նշեմ, որ առաջնությունը գնալով ուժեղանում է, համալրումներ են ունեցել նաև մեր մրցակիցները: Սակայն, մենք կենտրոնանում ենք մեր խաղի վրա:

«Ալաշկերտի» երկրպագուներին հրավիրում ենք մարզադաշտ` լավ ֆուտբոլ դիտելու և միասին նորանոր հաղթանակներ կերտելու: Մենք ցանկանում ենք այնպիսի ֆուտբոլ խաղալ, որից հաճույք կստանան թե ֆուտբոլիստները և թե մեր երկրպագուները», – ասել է գլխավոր մարզիչը:

Բարձրագույն խմբի 20–րդ տուրում «Ալաշկերտը» մարտի 2–ին կընդունի «Փյունիկին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում