Երեւանում փետրվարի 24-ին անցկացվեց MIX FIGHT 40 մրցաշարը (ֆոտոռեպորտաժ), որին ներկա էր նաեւ «Տաքսի» ֆիլմաշարի գլխավոր դերասան Սամի Նասերին, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:
Լեփ-լեցուն տրիբունաներով անցած մրցաշարի գլխավոր մենամարտերի ժամանակ մարզադահլիճում էր նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Նախկին «Միկա» մարզադահլիճում անցկացված երեկոյի գլխավոր մենամարտում հանդես եկավ խառը մենամարտերում (MMA) Հայաստանի առաջատար մարզիկներից Դավիթ Խաչատրյանը, որը Եվրոպական չեմպիոնական գոտու համար 3 ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթեց իտալացի Սիմոնե Բոտինոյին: Խաչատրյանը 25-րդ հաղթանակը տարավ խառը մենամարտերում, որտեղ կրել է նաեւ 4 պարտություն:
Դավիթ Խաչատրյանին չեմպիոնական գոտին հանձնեց Գագիկ Ծառուկյանը, Սամի Նասերին եւս բարձրացավ ռինգ եւ շնորհավորեց հայ մարտիկին:
Երեկոյի ընթացքում անցկացվեցին 15 մենամարտեր՝ MMA-ի ու K-1-ի կանոններով: Մենամարտերից երեքը չեմպիոնական գոտու համար էին: WKL վարկածով աշխարհի չեմպիոնական գոտու համար մենամարտում հաղթանակ տարավ Հայաստանը ներկայացնող Ռազմիկ Ղուլինյանը (68 կգ), որն ուժեղ գտնվեց իսպանացի Մանուել Գարսիայից:
Լուսինե Շահբազյան
Ֆոտո՝ Արսեն Սարգսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում