00:53  ,  24 փետրվարի, 2019

Խաշմանյան. Կտեսնենք լրիվ այլ «Արարատ», որը կարող է լուրջ խնդիրներ լուծել

«Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ամփոփել է Կիպրոսում անցկացրած ուսումնամարզական հավաքը, խոսել է թիմի նպատակների մասին ու խոսք ասել ակումբի երկրպագուներին.

«Հավաքը լավ կազմակերպված էր: Նախատեսել էինք երեք ընկերական հանդիպում. երեք հանդիպումներն էլ անցկացրինք: Բարձր մակարդակի թիմերի հետ խաղացինք, հատկապես վերջին ակումբը, որը «Ուրալն» էր: Հենց այդպես էլ նախատեսել էինք, որ վերջին հանդիպումն անցկացնեինք բարդ մրցակցի հետ:

Թիմի ցուցադրած վերջին խաղից կարող եմ ասել, որ պատրաստ ենք առաջնության երկրորդ հատվածին: Ինչպես ասել եմ մեր երկրպագուներին, այս հատվածում կտեսնենք լրիվ այլ «Արարատ», որը կարող է լուրջ խնդիրներ լուծել:

Բազմաթիվ անգամ նշել եմ, որ նոր թիմ ենք ստեղծում ու դժվար է կարճ ժամանակահատվածում հասնել մի մակարդակի ու կայունության, սակայն մենք անում ենք առավելագույնը ու կարծում եմ մեզ մոտ դա կստացվի:

Այս երեք ամիսը մեզ համար լինելու է կառուցողական և կայունության շրջան: Այս պահին մեր առջև ինչ-որ խնդիր չկա՝ ելնելով մրցաշարային աղյուսակից, չկանք նաև Գավաթի խաղարկությունում, բայց սա չի նշանակում, որ հենց այնպես պետք է անցկացնենք այս երեք ամիսը: Բոլոր հանդիպումներում թիմը դուրս է գալու միայն հաղթանակի համար:

Չկարողացանք լիարժեք սելեկցիա կատարել: Ունենք դիրքեր, որոնք չկարողացանք համալրել, բայց դա այդքան էլ չի մտահոգում ինձ, քանի որ այս փուլը լինելու է կառուցողական:

Այս երեք ամիսը քննություն է լինելու բոլոր ֆուտբոլիստների համար, պետք է նրանք ցույց տան իրենց կարողությունները, պետք է արժանանան մեր վստահությանը, որպեսզի երեք ամիս անց շարունակենք աշխատանքը:

Կառուցողական և կայունության շրջանն անցնելուց հետ՝ մրցաշրջանի ավարտից հետո, մենք արդեն կունենանք լիարժեք նախապատրաստական շրջան 2019/20 մրցաշրջանի համար: Կունենանք ավելի ուժեղ թիմ՝ այս թիմի վրա համալրումներ անելով:

Կցանկանամ խոսք ասել «Արարատի» իրական և հավատարիմ երկրպագուներին: Մենք ունենալու ենք էլ ավելի ուժեղ թիմ, ցանկությունս և խնդրանքս այն է, որ միասին լինենք, այլապես մենք առանց երկրպագուների չենք կարող ինչ-որ հաջող արդյունք գրանցել, ամեն ինչ փոխկապակցված է: Կոչ եմ անում հենց առաջին խաղից գալ խաղադաշտ ու երկրպագել ձեր «Արարատին», որն ամեն ինչ անելու է ձեզ ուրախացնելու համար»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում