17:16  ,  23 փետրվարի, 2019

Միհրան Հարությունյան. Խնդրում եմ ինձ տալ հնարավորություն նվաճել օլիմպիական ուղեգիր, բայց Հայաստանում ոմանք դա չեն ցանկանում

Խնդրում եմ ինձ տալ հնարավորություն մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարերից որեւէ մեկին, նվաճել օլիմպիական ուղեգիր, բայց Հայաստանում ինչ-որ մեկը կամ ոմանք դա չեն ցանկանում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի (MMA) մարտիկ Միհրան Հարությունյանը:

Այս օրերին Միհրան Հարությունյանը Հայաստանում է՝ Արցախում ըմբշամարտի մարզադպրոցի կառուցման աշխատանքների հետ կապված հարցերով: Հայաստանում գտնվելու ընթացքում օլիմպիական փոխչեմպիոնն, օգտագործելով առիթը, փետրվարի 21-ին վարպետության դաս անցկացրեց պատանի ըմբիշների հետ:

Միհրան, բարի գալուստ Հայաստան: Ո՞րն է այցիդ նպատակը: 

Ինչպես հայտնի է, ես նպատակ ունեմ Արցախում ըմբշամարտի մարզադպրոց բացել: Կառուցման աշխատանքներով պայմանավորված հարցեր կային լուծելու: Այժմ ծրագիրս մի փոքր ընդլայնել եմ, ցանկանում եմ մեծացնել այդ նախագիծը եւ ոչ միայն ըմբշամարտի, այլեւ խառը մենամարտերի մի քանի մարզադահլիճներ կառուցել: Ավելին, աշխարհագրությունն եմ ցանկանում մեծացնել: Եթե նախկինում մտածում էի միայն Արցախում դպրոց բացելու մասին, այժմ նպատակ ունեմ մարզադպրոցներ հիմնել նաեւ Հայաստանում՝ շեշտադրությունը դնելով սահմանային գյուղերի վրա: Իմ տեղեկություններով՝ սահմանային համայնքներում չկան համապատասխան մարզադահլիճներ, որպեսզի երեխաները, երիտասարդները մարզվեն, պայմաններ ու հնարավորություններ չկան: Բայց առաջնայինը Արցախի մարզադպրոցն է, որը կլինի Ստեփանակերտում: Ես խոսք եմ տվել եւ այն կիրագործեմ:

Իսկ ծրագրերում կա՞ն Երեւանում եւս մարզադպրոց ունենալու:

Ինչու ոչ: Վստահ եմ, որ ավելորդ չի լինի: Խնդիրը միայն այն է, որ պետք է ունենալ այնպիսի մարզչական շտաբեր, որտեղ կաշխատեն անկեղծ, ազնիվ, իրենց գործին նվիրված մարզիչներ: Նրանք պետք է լինեն իրենց գործի վարպետներ, որպեսզի ճիշտ աշխատանք տանեն երեխաների հետ եւ նրանց չհրամցնեն ամեն տեսակ հիմարություն: Նպատակս է, որ այդ մարզադպրոցներից չեմպիոններ դուրս գան, իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա պրոֆեսիոնալ սպորտի ճանապարհով գնալ, ուղղակի ապրեն առողջ ապրելակերպով:

MMA-ում երկրորդ հաղթանակը տոնեցիր եւ այն նվիրեցի Ազնավուրի հիշատակին: Երկրորդ մենամարտիդ ընթացքում ի՞նչ առաջընթաց գրանցեցիր:

Գուցե հանդիսատեսի համար տեսանելիորեն փոփոխություն կար առաջին մենամարտիցս հետո, տեխնիկական աճ կար, բայց հոգեբանորեն շատ բարդ մենամարտ ստացվեց ինձ համար: Չգիտեմ՝ ինչու, բայց ինձ համար իսկապես բարդ տրվեց երկրորդ հաղթանակը: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ երկրորդ հաղթանակը գրանցեցի: Ինձ համար այդ հաղթանակը շատ կարեւոր էր եւ ցանկությունս էր այն նվիրել Շառլ Ազնավուրի հիշատակին: Երկրորդ մենամարտից հետո փոքր եվրոպական շրջագայություն ունեցա կնոջս հետ, եղանք նաեւ Ֆրանսիայում: Հաղթանակից հետո որոշել էի, որ պետք է անպայման այցելեմ նրա գերեզման: Ֆրանսիա հենց այդ նպատակով մեկնեցի եւ եղա նրա գերեզմանին:

Արդեն ժամանակն է, որ երրորդ մենամարտն անցկացնեմ: Մոսկվա վերադառնալուն պես կվերսկսեմ ծանր գրաֆիկով մարզումներս եւ, կարծում եմ, կարճ ժամանակ անց կանցկացնեմ երրորդ մարտս խառը մենամարտերում:

Ե՞րբ ես վերադառնում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքական: Ի՞նչ ծրագրեր ունես ըմբշամարտի հետ կապված:

Խնդիր կա. Հայաստանի առաջնությանը չես մասնակցում, ուրեմն՝ հավաքականի անդամ չես, մրցաշարերի, Եվրոպա, աշխարհ չես կարող մասնակցել: Ես համակարգին հակառակ չեմ գնում, ուղղակի կա սպորտային պայման, իմ պարագայում՝ իրավիճակ  եւ ինձ, որպես մարզիկի, պետք է հասկանալ, ընդունել: Ես չեմ կարող կարճ ժամանակահատվածում մի քանի անգամ քաշ փոխել: Ունեմ կնքած պայմանագիր MMA-ում: Յուրաքանչյուր մենամարտից առաջ պետք է քաշս կարգավորեմ: Ես կարող եմ մի քանի օրում նույնիսկ քաշս փոխել առանց դիետաների եւ ինձ լավ զգալ, հետո նորից բարձրացնել, կրկին ինձ լավ զգալ: Բայց այս պարագայում օգտագար գործողության գործակիցը հավասարվում է զրոյի, եւ բացի այդ՝ հանուն ինչի՞ քաշս փոխեմ, որ ինչ-որ մեկին ապացուցեմ՝ ես Հայաստանի չեմպիո՞ն եմ... Այլընտրանք կա եւ այլընտրանքային ճանապարհը բազմիցս կիրառվել է Հայաստանում: Ես մասնակցել եմ աշխարհի առաջնությանը, Օլիմպիական խաղերին՝ չմասնակցելով Հայաստանի առաջնությանը: Մրցումներից առաջ ուղղակի մասնակցել ենք միջազգային մրցաշարերի եւ այդպես որոշել, թե ով է մասնակցելու, օրինակ, աշխարհի առաջնությանը: Ըստ արդյունքների էլ մարզիկներիս տրվել է հնարավորություն մեկնելու աշխարհի առաջնության, Օլիմպիական խաղեր:

Ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ միանալ հավաքականին, մասնակցել մրցաշարերի՝ միայն օր ու ժամ ասեք: Հայաստանի առաջնությանը մասնակցել-չմասնակցելու հարցը թող սկուզբանքային չլինի: Այս պահին միայն խնդրում եմ՝ ինձ տալ հնարավորություն մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարերից որեւէ մեկին, նվաճել օլիմպիական ուղեգիր, բայց ինչ-որ մեկը կամ գուցե ոմանք դա չեն ցանկանում եւ խոչընդոտ են ստեղծում: Ես արդեն նորմալ եմ ընդունում իմ հանդեպ այս վերաբերմունքը, որը կար Օլիմպիական խաղերից առաջ, այժմ եւ կլինի նաեւ հետագայում: Ինձ սիրում են եւ ատում: Դա հրաշալի է, ուղղակի պետք է ունենալ հաստ կաշի, որպեսզի դիմադրել այս ամենին: Եթե ինձ կտան այդ հնարավորությունը, ես ամեն ինչ կանեմ Օլիմպիական խաղերում հաղթանակի համար:

Իսկ ովքե՞ր են խոչընդոտներ ստեղծողները, ումի՞ց ես խնդրում այդ հնարավորությունը:

Անուններ չեմ ցանկանում տալ: Մեկ խոհանոց է, մեկ ընտանիք, բոլորս էլ հրաշալի գիտենք՝ ովքեր են: Ես չեմ ուզում, որ այս ամենը հնչի որպես բողոք, ես չեմ դժգոհում, այլ խոսում եմ, որպես մարզիկ: Ես բոլորից լավ գիտեմ իմ օրգանիզմը, իմ հնարավորությունները եւ թե ինչին եմ ընդունակ: Պետք չի ինձ հիմարի տեղ դնել եւ փորձել «քամել» Հայաստանի առաջնություններում:

Օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու ցանկություն դեռ կա՞:

Հանուն իմ հայրենիքի, ինձ հետ արցունքներ թափող ազգի, ծնողներիս այդ ցանկությունը դեռ պահպանվում է, բայց արդեն այնպես չէ, ինչպես նախկինում, երբ ես գնում էի միայն դրան: Հոգեպես դեռ ցանկանում եմ, բայց իրականում ռուսական եւ միջազգային դաշտերը ամեն ինչ փչացրին: Ռուսական ասելով՝ նկատի չունեմ երկիրը՝ Ռուսաստանը, այլ կոնկրետ անձ, ով նպաստեց այն ամենին, ինչ տեղի ունեցավ Ռիոյում: Այս ամենը անցյալում է մնացել: Բայց ամենավատն այն է, որ քո հայրենիքում են  «ոտքերիդ տակ քար դնում»...

Վաղը կասեն՝ արի, բոլորի պես մասնակցի Հայաստանի առաջնությանը: Թող մասնակցողները մեկնեն մրցաշարերին, տեսնենք՝ արդյունքն ինչ է լինելու մի քանի ամիս անց: Եթե ինչ-որ մեկը մտածում է, թե չեմ ցանկանում Հայաստանի առաջնության հաղթողներից մեկը գնա, օլիմպիական ուղեգիր նվաճի, սխալվում է: Ես ուզում եմ, որ լինի օլիմպիական ուղեգիր: Եթե անգամ իմ քաշային կարգում չլինի ուղեգիր, այս պարագայում անգամ հայտարարում եմ, որ պատրաստ եմ մեկ զանգով նվաճել Հայաստանի համար ուղեգիր եւ մեկնել Օլիմպիական խաղեր, այնպես ինչպես դա արեցին Բաքվի Եվրոպական խաղերում: Այն ժամանակ հայտնի պատճառներով գրեթե բոլորը հրաժարվեցին մեկնել Բաքու, ինձ զանգահարեցին եւ խնդրեցին, որ մեկնեմ՝ ես մեկնեցի:

Իսկ հիմա որեւէ մեկը չի զանգում եւ չի հետաքրքրվում, բոլորը միայն խոսում են իմ հետեւից, որ տեղափոխվել եմ MMA, չեմ մարզում եւ այլն: Հենց այս պահին յուրաքանչյուրին դրեք ինձ մրցակից եւ տեսեք, թե ես ինչ մարզավիճակում եմ: Ես ոչ մի դրամ չեմ ստանում, չեմ ստացել Հայաստանից, 4 վիրահատություն եմ անցել, մրցումներից բացակայել եմ եւ այդքանի դիմաց ինձ ասում են՝ չես մարզվել, չես մասնակցել մրցաշարերի, դրա համար չես վարձատրվելու:

Մինչեւ Օլիմպիական խաղերը պատրաստ եմ հանդես գալ 72 կգ քաշային կարգում: Այնտեղ, որտեղ պետք է օլիմպիական վարկանիշ նվաճել, պատրաստ եմ քաշս փոխել եւ ուղեգիր նվաճել: Այժմ ով արժանի է թող մեկնի աշխարհի առաջնության, թող պայքարի օլիմպիական ուղեգրերի համար: Աշխարհի առաջնությունից հետո մինչեւ Օլիմպիական խաղեր եւս 3 վարկանիշային մրցաշար կա: Պատրաստ եմ դրանցից մեկին մասնակցել եւ ուղեգիր նվաճել: Իմ սրտում մաղձ չկա, եթե հնարավորություն չունեցա մասնակցել Օլիմպիական խաղերին, հոգ չէ, ես պատմություն կկերտեմ MMA-ում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով