20:14  ,  22 փետրվարի, 2019

Արթուր Ալեքսանյան. Բաց կթողնեմ Եվրոպայի առաջնությունը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի ապրիլին կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի 2019 թվականի առաջնությանը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016–ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցնում Երեւանի «Օլիմպավանում»: Օրերս թիմին միացավ նաեւ Արթուր Ալեքսանյանը, որը տեւական ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում բուժման նպատակով:

Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է ապրիլի 8-14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Օլիմպիական չեմպիոնը ըմբշամարտի մրցագորգից բացակայում է 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո, որտեղ Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել եւ հրաժարվել բրոնզե մեդալի համար գոտեմարտից:

«ԱՄՆ-ում երկարատեւ բուժում անցա: Այժմ ամեն ինչ լավ է, նորմալ, բայց բուժումներս դեռ չեն ավարտվել: Ճողվածքներս փոքրացել են, ծնկիս վնասվածքը ապաքինվել է: Այժմ հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Միացել եմ թիմին, սակայն Եվրոպայի առաջնությանը չեմ մասնակցի, քանի որ չունեմ համապատասխան մարզավիճակ։ Արդեն բաց եմ թողել մեկ միջազգային մրցաշար, պետք է աստիճանաբար հավաքեմ մարզավիճակ։

ԱՄՆ-ում մարզվում էի բուժման հետ համատեղ։ Բուժումներից հետո ծանրաբեռնված չեմ մարզվել, աստիճանաբար պետք է ավելացնել ծանրաբեռնվածությունը։ Մինչեւ Եվրոպայի առաջնություն չեմ հասցնի համապատասխան մարզավիճակ ձեռք բերել։ Որոշ ժամանակ անց նորից բուժզննում կանցնեմ, որպեսզի տեսնեմ՝ ինչ վիճակում եմ։ Այս պահին վնասվածքներս չեն խանգարում, ցավեր չունեմ։ Կնախապատրաստվեմ աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու են օլիմպիական վարկանիշային միավորներ։ Ձգտումս եւ նպատակս Տոկիո-2020–ի Օլիմպիական խաղերն են։ Ցանկանում եմ եւս մեկ անգամ նվաճել օլիմպիական ոսկին»,- ասաց Արթուր Ալեքսանյան։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով