00:02  ,  22 փետրվարի, 2019

Միհրան Հարությունյան. Ես երեխաներին ավելի շատ եմ սիրում, քան մեծերին

Ես երեխաներին ավելի շատ եմ սիրում, քան մեծերին: Ինքս էլ ինձ համարում եմ երեխա հոգուս խորքում: Երեխաներն ավեի մաքուր են, ազնիվ ու անկեղծ, իսկ մեծերին թվում է, թե իրենք խաղ են խաղում ինձ հետ եւ ես այդ խաղի մեջ եմ: Այդ պատճառով միշտ ձգտում եմ վարպետության դասեր տալ երեխաներին, պատանիներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, խառը մենամարտերում հանդես եկող Միհրան Հարությունյանը:

Օլիմպիկան փոխչեմպիոնը Հայաստանում պարբեաբար վարպետության դասեր է անցկացնում, երբ գտնվում է Հայաստանում:

«Այս վարպետության դասերը կոմերցիոն նպատակներ չունեն: Սովորաբար տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ եմ մարզվում: Գուցե նրանց իմ այս վարպետության դասերը մեծ չեմպիոններ չդարձնեն, բայց վստահ եմ, որ ինչ-որ բան կփոխանցեմ նրանց: Հայ պատանիները մեծ հաջողությունների կարող են հասնել, եթե հետեւեն մարզումային գրաֆիկին եւ շարունակեն սիրով մարզվել: Այս դասերի ընթացքում ես չեմ ուզում, որ նրանք կրկնեն այն, ինչ ես նրանց ցույց եմ տալիս, սովորեցնում: Ուզում եմ, որ յուրաքանչյուրը վերցնի իրենը եւ առաջ գնա իր ներքին տաղանդով:

Ինձ այս դասընթացները ոգեւորում են, ոգեշնչում են: Երբ ես էի այս երեխաների տարիքին, նման հնարավորություն գրեթե չկար, որ որեւէ  մարզիկ իր ժամանակը տրամադրեր, մեզ ինչ-որ բան սովորեցներ, մարզում անցկացներ մեզ հետ: Մեր ժամանակաշրջանի մարզիկները այսպիսի հնարավորություններ չեն ունեցել: Ես տեսնում եմ, որ այս երեխաները ուրախանում են եւ հասկանում են, որ անկեղծ ուզում եմ նրանց ինչ-որ բան սովորեցնել: Ես էլ հավատում են նրանցից յուրաքանչյուրին, որ ցանկանում են սովորել:

Իմ վարպետության դասերին հիմնականում մասնակցում են երեխաները՝ պատանեկան տարիքի: Գուցե դա նրանից է, որ ես պաշտում եմ երեխաների, ավելին, քան՝ մեծերի: Էս էլ հոգուս խորքում դեռ երեխա եմ երեւի: Այս երեխաները անկեղծ են, մաքուր, իրական: Նրանք կարող են քեզ չսիրել, բայց լսել: Արդեն փոքր-ինչ կարողանում են ճանաչել մարդկանց: Մեծերը խաղում են իրենց խաղը, կարծելով, թե ես այդ խաղի մեջ եմ… Բայց ես գիտեմ այն, ինչը գիտեմ միայն ես: Երկու դեպքում էլ փորձում եմ լինել անկեղծ ու մաքուր»,- ասաց Միհրան Հարությունյանը:

Օլիմպիական փոխչեմպիոնի վարպետության դասին հետեւելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ, որոնք պարբերաբար ցանկանում էին լուսանկարվել Միհրանի հետ եւ խոչընդոտում էին մարզման բուն ընթացքը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով