01:57  ,  21 փետրվարի, 2019

ՉԼ. «Աթլետիկոն» ուժեղ էր «Յուվենտուսից», «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ կորզեց Գերմանիայում (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան 1/8 եզրափակիչի վերջին խաղային օրվա 2 հանդիպումները:

Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով:

70-րդ րոպեին «Աթլետիկոյի» նորեկ, իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կարող էր բացել հանդիպման հաշիվը, սակայն մրցավարը դիմեց կրկնապատկերի օգնությանը եւ որոշեց, որ գոլ չի եղել: Մորատան 58-րդ րոպեին փոխարինել էր իսպանացի հարձակվող Դիեգո Կոստային:

79-րդ րոպեին ուրուգվայցի պաշտպան Խոսե Մարիա Խիմենեսը առաջ մղեց դաշտի տերերին: 83-րդ րոպեին ուրուգվացի պաշտպան Դիեգո Գոդինը կրկնապատկեց հաշիվը:

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում մրցեց գերմանական «Շալկեի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով, թեեւ առաջին խաղակեսից հետո պարտվում էր 1:2 հաշվով:

18-րդ րոպեին «Շալկեի» դարպասապահի եւ պաշտպանի անփույթ խաղից հետո հաշիվը բացեց հյուրերի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, որն օգտվեց իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվայի փոխանցումից:

Առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը երկու անգամ ստացան 11 մետրանոցի իրավունք եւ արդյունավետ իրացրին դրանք: Դուբլի հեղինակ դարձավ ալժիրցի կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբը: Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտեցին համապատասխանաբար արգենտինացի պաշտպան Նիկոլաս Օտամենդին (ձեռքով խաղ) եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆերնանդինյոն (հրեց մրցակցին):

Երկրորդ խաղակեսում Օտամենդին ստացավ նաեւ երկրորդ դեղին քարտը եւ հեռացվեց 68-րդ րոպեին: Սակայն Անգլիայի չեմպիոնները նույնիսկ 10 ֆուտբոլիստներով կարողացան ոչ միայն վերականգնել հավասարությունը, այլեւ հասնել հաղթանակի: 85-րդ րոպեին աչքի ընկավ գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեն: Անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգն էլ վերջին րոպեին խփեց հաղթական գոլը՝ 3:2:

Այս թիմերի մասնակցությամբ պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 2:0 (տեսանյութ)

Խոսե Մարիա Խիմենես, 79, Դիեգո Գոդին, 83

«Շալկե» (Գերմանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:3 (տեսանյութ)

Նաբիլ Բենտալեբ, 38, 11մ, 45, 11մ - Սերխիո Ագուերո, 18, Լերոյ Սանե, 85, Ռահիմ Ստերլինգ, 90

Հեռացում՝ Նիկոլաս Օտամենդի («Մանչեսթեր Սիթի»), 68, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում