14:03  ,  20 փետրվարի, 2019

Հայ շախմատիստների մասնակցությամբ Aeroflot Open-ի առաջին տուրը դադարեցվել է կեղծ ահազանգի պատճառով

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում փետրվարի 19-ին մեկնարկած Aeroflot Open շախմատային ամենամյա մրցաշարի առաջին տուրն անավարտ է մնացել կեղծ ահազանգի պատճառով:

Առաջին տուրի մեկնարկից 45 րոպե անց պարտիաները դադարեցվել են, քանի որ ահազանգ էր ստացվել, որ «Կոսմոս» հյուրանոցն ականապատված է: Նմանատիպ ահազանգեր էին ստացվել, որ ականապատված է «Օստանկինո» հեռուստաաշտարակը, «Կազանյան» կայարանը եւ մի շարք այլ վայրեր:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը նշել է, որ սկզբում մասնակիցները կարծել են, թե դա ուսումնական ահազանգ է, սակայն րոպեներ անց եկել է հյուրանոցի տնօրենը եւ կարգադրել շտապ լքել շենքը: Մասնակիցներից ոմանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իրենց հետ վերցնել տաք հագուստ:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, ՌԴ ՊՆ եւ ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ անց պարզել են, որ ահազանգը կեղծ է եղել:

Հիշեցնենք, որ Aeroflot Open-ի գլխավոր մրցաշարին մասնակցում են Հայաստանի 5 ներկայացուցիչներ՝ Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը:

B մրցաշարում հանդես են գալիս գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը, Էլինա Դանիելյանը, Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը եւ Արթուր Դավթյանը:

C մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Արթուր Ղարագյոզյանը, Աշոտ Ավետիսյանը, Հարություն Աբգարյանը եւ Գագիկ Ավետիսյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում