11:44  ,  20 փետրվարի, 2019

Վիսենտե Դել Բոսկեն կժամանի Հայաստան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն կայցելի Հայաստան: Հունիսի 18-ին նա դասախոսություն կկարդա հայ մարզիչների համար, փոխանցում է ՀՖՖ կայքը:

ՀՖՖ-ն շարունակում է Հայաստանում մարզչական կրթության որակի բարձրացմանն ուղղված իր ծրագրերի իրականացումը: Այդ ծրագրերի շրջանակում Երեւան կժամանի Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, որը համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտղոսակիր մարզիչներից մեկն է: Նրա գլխավորությամբ «Ռեալը» երկուական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է 2010թ.աշխարհի եւ 2012թ. Եվրոպայի չեմպիոն: 

Հունիսի 18-ին Վիսենտե Դել Բոսկեն, նրա բազմամյա օգնական Տոնի Գրանդեն, ինչպես նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության գծով մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսություններ կկարդան հայ մարզիչների համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախատեսում է ապահովել հնարավորինս մեծ թվով մարզիչների ներկայություն դասախոսություններին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում