14:12  ,  19 փետրվարի, 2019

Դիբալա. Գիտենք «Աթլետիկոյի» բոլոր ուժեղ կողմերը եւ կփորձենք չեզոքացնել դրանք

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» 25-ամյա արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկոյի» հետ դիմակայությունից իր սպասելիքների մասն:

«Արդեն գիտենք «Աթլետիկոյի» խաղաոճի, Դիեգո Սիմեոնեի մոտեցումների մասին: Ծանր է լինելու: Մինչեւ եզրափակիչ հասնելու եւ գավաթը նվաճելու համար պետք է հաղթել բոլորին: Հեշտ մրցակիցներ եւ խաղեր արդեն չեն լինի:

«Աթլետիկոն» ուժեղ է պաշտպանությունում եւ վտանգավոր է հակագրոհներում: Եթե ուշադիր չլինենք պաշտպանությունում, նրանք կկարողանան հասնել արդյունքի: Բայց գիտենք «Աթլետիկոյի» բոլոր ուժեղ կողմերը եւ կփորձենք չեզոքացնել դրանք:

Պետք չէ նայել նախորդ մրցաշրջանների վիճակագրությանը: Պետք է առաջ նայել: Ունենք հրաշալի թիմ, բարձրակարգ պրոֆեսիոնալներ, որոնք այս տարիների ընթացքում ձեռք են բերել հսկայական փորձ: Մենք հաղթողի հավակնորդ ենք, բայց դա պետք է ապացուցել խաղադաշտում»,- Դիբալայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Աթլետիկոն» ու «Յուվենտուսը» 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացնեն փետրվարի 20-ին Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում