20:07  ,  18 փետրվարի, 2019

Մատերացի. Ռոնալդուն անհամեմատելի է ՉԼ-ում, «Յուվենտուսը» պետք է հաղթի այդ մրցաշարում

Իտալիայի հավաքականի եւ Միլանի «Ինտերի» նախկին պաշտպան, աշխարհի չեմպիոն Մարկո Մատերացին հայտարարել է, որ այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի գավաթը չնվաճելը կհամարվի ձախողում Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» համար՝ հաշվի առնելով պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ներկայությունը «Յուվենտուսում»:

«Երբ բազմաթիվ անգամ դառնում ես Իտալիայի չեմպիոն, ցանկանում ես կատարել հաջորդ քայլը, որը հաղթանակն է Չեմպիոնների լիգայում: «Յուվենտուսը» տարված է այդ գաղափարով:

Ռոնալդուն անհամեմատելի է Չեմպիոնների լիգայում, «Յուվենտուսը» պետք է հաղթի այդ մրցաշարում, այլապես կհամարվի ձախողված մրցաշրջան նրանց համար: Ռոնալդուն պետք է ունենա իր ներդրումը: Նա Մեսիի հետ լավագույնն է աշխարհում:

Իհարկե, ես «Ինտերի» ֆանատ եմ եւ չեմ կարող աջակցել «Յուվենտուսին»: Նրանց հաղթանակի ես կողջունեմ որպես իտալացի»,- 45-ամյա Մատերացիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Մատերացին կարիերան ավարտել է 2015 թվականին: Նրա վերջին ակումբը հնդկական «Չենայն» էր, 2001-2011 թվականներին հանդես է եկել «Ինտերում»:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Յուվենտուսի» մրցակիցը Մադրիթի «Աթլետիկոն» է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում