13:24  ,  16 փետրվարի, 2019

Փոփոխություններ՝ «Յունիոր-Սեւանում»

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջատար «Յունիոր-Սեւանում» տեղի են ունեցել փոփոխություններ, այդ թվում՝ մարզչական: Այդ կապակցությամբ ակումբը հանդես է եկել հայտարարությամբ:

«Հարգելի ֆուտբոլասերներ, ձմեռային դադարից հետո՝ հունվարի 20-ից սկսել ենք մեր մարզումները և նախապատրաստությունը առաջնության 2-րդ հատվածին: Թիմը ամենօրյա ռեժիմով մարզվում է Ձորաղբյուրի մարզահամալիրում:

«Յունիոր Սևանում» այս ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Դադարեցվել է համագործակցությունը ռուսական «Լիգա սպոտա» ընկերության հետ, որին պատկանում է «Յունիոր» միջազգային ֆուտբոլային դպրոցների ցանցը: Համագործակցության դադարեցումը պայմանավորված է ռուսական ընկերության գործունեության վեկտորի փոփոխությամբ, որի արդյունքում «Յունիոր» միջազգային ֆուտբոլային դպրոցների ցանցը միավորվել է Մոսկվայի «Սպարտակի» հետ:

Սակայն, չնայած առաջացած դժվարություններին, ակումբը շարունակում է իր բնականոն գործունեությունը՝ ակումբի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ: Փոփոխության արդյունքում դադարեցվել է համագործակծությունը նաև թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Գերասիմեցի և դարպասապահների մարզիչ Եվգենի Կրանատովի հետ։ Ակումբը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակումբի ստեղծման և կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար և մաղթել հետագա հաջողություններ:

Թիմի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ղուլինյանը: Շուտով կհայտնենք, թե ովքեր են համալրելու մեր մարզչական շտաբը:

Փոխադարձ համաձայնությամբ խզվել են նաև պայմանագրերը խաղացողներ Յարոսլավ Շատալինի, Իգոր Չեմինովայի, Միխայիլ Գուբանովի, Եգոր Սիսուեվի, Նիկիտա Շումեյկոյի, Վահագն Գրիգորյանի և Ռոբերտ Սանամյանի հետ: Ակումբը նրանց նույնպես շնորհակալություն է հայտնում և մաղթում հետագա հաջողություններ։

Այժմ թիմում մոտ 20 ֆուտբոլիստներ փորձաշրջան են անցնում և շուտով կհայտնենք, թե ում հետ են կնքվելու պայմանագրեր:

Փետրվարի 14-ին Ձորաղբյուրի մարզաբազայում տեղի ունեցավ նաև այս տարվա մեր առաջին ընեկրական հանդիպումը «Արարատ-2» թիմի հետ, որն ավարտվեց 3:0՝ հօգուտ «Յունյոր Սևանի»։ Մեր թիմից աչքի ընկան Արեգ Ազատյանը, Արամ Հովսեփյանը, ևս մեկ գնդակ արարատցիները ուղարկեցին սեփական դարպասը: Յուրաքանչյուր խաղակեսում հանդես եկան տարբեր կազմեր:

Հավելենք, որ առաջին խմբի առաջնությունը կվերսկսվի մարտի 4-ին։ Այդ օրը մեր թիմը Ձորաղբյուրի մարզահամալիրում կընդունի «Փյունիկ-2»-ին»,- ասվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Առաջին խմբի 18-րդ տուրից հետո «Յունիոր-Սեւանն» ունի 52 միավոր եւ 10 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Երեւանից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում