14:16  ,  14 փետրվարի, 2019

Ինչո՞ւ չեղյալ հայտարարվեց «Այաքսի» գոլը «Ռեալի» դեմ խաղում. ՈւԵՖԱ-ի պարզաբանումը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» ու Ամստերդամի «Այաքսի» միջեւ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում տեղի ունեցած միջադեպին: Առաջին խաղակեսի վերջնամասում «Այաքսն» անկյունայինի խաղարկման արդյունքում գրավել էր դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Դամիր Սկոմինան VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո չեղյալ էր հայտարարել գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ:

«Ռեալի» ու «Այաքսի» միջեւ առաջին հանդիպման 38-րդ րոպեին Նիկոլաս Տալյաֆիկոն խփեց գոլ, որը չեղյալ հայտարարվեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո: Մրցավարն արձանագրեց, որ Տալյաֆիկոյի ակումբակից Դուշան Տադիչը, գտնվելով խաղից դուրս վիճակում, խանգարեց մրցակցի դարպասապահին՝ խոչընդոտելով կամ թույլ չտալով նրան գլխով հարվածից հետո հետ մղել գնդակը: Որոշումն ընդունվեց VAR համակարգի օրենքների համաձայն: Գոլը չեղյալ հայտարարվեց արդարացի, իսկ խաղից դուրս վիճակի համար նշանակվեց ազատ հարված»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այդ դրվագի պահին հանդիպման հաշիվը դեռ բացված չէր: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ մրցավարն օգտվեց VAR համակարգից: Ամստերդամում կայացած խաղում Արքայական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով: Պատասպան հանդիպումը տեղի կունենա մարտի 5-ին Մադրիդում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս