01:57  ,  13 փետրվարի, 2019

Չեմպիոնների լիգա. ՊՍԺ-ն կանգնեցրեց Սուլշերին, «Ռոման» հաղթեց «Պորտուին» (տեսանյութ) 

Մեկնարկեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆը: 1/8 եզրափակիչի առաջին խաղային օրն անցկացվեցին 2 հանդիպումներ:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց ֆրանսիական ՊՍԺ-ին եւ պարտվեց 0:2 հաշվով՝ ընդհատելով թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի 11-խաղյա անպարտելի շարքը:

Կադրային լուրջ խնդիրներով հանդես եկող ՊՍԺ-ն առաջին խաղակեսում ոչնչով չզիջեց դաշտի տերերին եւ նույնիսկ ուներ ոչ մեծ տարածքային առավելություն: Առաջին խաղակեսը հարուստ չէր գոլային պահերով եւ ավարտվեց 0:0 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում տեղի ունեցավ 2 փոխարինում, եւ վնասվածք ստացած Ջեսի Լինգարդի ու Անտոնի Մարտիալի փոխարեն դաշտ դուրս եկան Ալեքսիս Սանչեսը եւ Խուան Մատան:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Ֆրանսիայի չեմպիոնն ուներ նկատելի առավելություն, իսկ հաշիվը բացեց 52-րդ րոպեին: Անկյունային խաղարկման արդյունքում աչքի ընկավ մրցակցի հսկողությունից դուրս մնացած ֆրանսիացի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն:

Քիչ անց ֆրանսիական ակումբը կարող էր նաեւ կրկնապատկել հաշիվը, սակայն բրազիլացի Դանի Ալվեշի վտանգավոր հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ: Այնուամենայնիվ, 60-րդ րոպեին գնդակը նաեւ երկրորդ անգամ հայտնվեց դաշտի տերերի դարպասում: ՊՍԺ-ի երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 3 րոպե անց նաեւ կորցրեց իրական գոլային պահ:

Խաղի մնացած ժամանակահատվածում անգլիական ակումբը մեծ ժամանակահատված էր անցկացնում մրցակցի տուգանային հրապարակի մոտ, սակայն իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում: ՊՍժ-ն էլ ավելի շատ մտածում էր հաղթական հաշիվը պահպանելու մասին, ինչը ստացվեց:

90-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան, որը բաց կթողնի ՊՍժ-ի դեմ պատասխան հանդիպումը: 

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին պարտությունը կրեց Օլե-Գունար Սուլշերի հետ: Նորվեգացի մասնագետի գլխավորությամբ նախորդ 11 խաղերում մանչեսթերցիները տարել էին 10 հաղթանակ եւ գրանցել մեկ ոչ ոքի:

Օրվա մյուս հանդիպումն անցկացվեց Հռոմում, որտեղ իտալական «Ռոման» 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ պորտուգալական «Պորտուի» նկատմամբ: Ընդ որում՝ խաղի բոլոր գոլերը երկրորդ խաղակեսում գրանցվեցին 9 րոպե ընթացքում: «Ռոմայից» 6 րոպեում դուբլի հեղինակ դարձավ 19-ամյա իտալացի կիսապաշտպան Նիկոլո Զանյոլոն:

Խաղային օրվա 2 հանդիպումներից առաջ թիմերը լռության րոպեով հարգեցին ֆրանսիական «Նանտից» Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթի» տեղափոխվելիս ավիաաղետում զոհված արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի հիշատակը:

Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 6-ին:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:2 (տեսանյութ

Պրեսնել Կիմպեմբե, 53, Կիլիան Մբապե, 60

Հեռացում՝ Պոլ Պոգբա, 90 («Մանչեսթեր Յունայթեդ»)

«Ռոմա» (Իտալիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2:1 (տեսանյութ

Նիկոլո Զանյոլո, 70, 76 – Ադրիան, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում