20:42  ,  12 փետրվարի, 2019

Մարսելո Բյելսայի լրտեսը բարերում հարբել է մրցակցի ֆանատների հետ

Բրիտանական մամուլը մանրամասներ է պարզել անգլիական «Լիդսի» արգենտինացի գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսայի կատարած լրտեսական «օպերացիայից»:

63-ամյա արգենտինացի մասնագետն ակումբ է բերել 20-ամյա աշխատակցի, որը ոչ միայն լրտեսել է մրցակիցներին, այլեւ տարբեր քաղաքներում աշխատանք է կատարել խաղերից առաջ:

Այս մրցաշրջանի ընթացքում այդ աշխատակիցը 24 ժամով մեկնել է այն քաղաք, որտեղ հանգրվանել է «Լիդսի» առաջիկա մրցակիցը: Նա հաղորդակցվել է տեղացիների հետ, կարդացել տեղի մամուլը եւ նույնիսկ բարերում խմել ակումբի երկրպագուների հետ: Այդ ամենն արվել է նրա համար, որպեսզի հնարավորինս ամեն ինչ իմանալ «Լիդսի» առաջիկա մրցակցի մասին, գրում է The Times-ը:

Հիշեցնենք, որ «Լիդսի» գլխավոր մարզիչի կողմից լրտեսության մասին հայտնի էր դարձել այն բանից հետո, երբ ակումբի աշխատակցին «Դերբի Քաունտիի» մարզաբազայում «բռնել» էին Չեմպիոնշիփի հերթական տուրի խաղից առաջ: Նա «Դերբիի» մարզմանը հետեւել էր հեռադիտակով: Դա եղել էր ոչ թե «Լիդսի» նախաձեռնությունը, այլ Մարսելո Բյելսայի:

Հիշեցնենք, որ անգլիական Չեմպիոնշիփի 31-րդ տուրից հետո «Լիդսը» 58 միավորով երկրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ առաջատար «Նորվիչից»։ Մարսելո Բյելսան նախորդ տարվա ամռանն է գլխավորել անգլիական ակումբը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում