15:12  ,  12 փետրվարի, 2019

Ինչո՞ւ է Խինես Մելենդեսն ընդունել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջարկը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը փետրվարի 12-ին կայացած ասուլիսում պատմել է, թե ինչու է ընդունել Հայաստանում աշխատելու առաջարկը: Իսպանացի մասնագետի խոսքով՝ դրանում մեծ է ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի ավանդը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

«Ես կարող էի շատ երկար տարիներ մնալ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում կամ աշխատանքի մեկնել եվրոպական մեկ այլ երկիր, քանի որ ունեի այդպիսի հնարավորություններ: Երբ ոմանք իմացան իմ՝ Հայաստան գալու որոշման մասին, շատ զարմացան: Դա տեղի ունեցավ պարոն Մելիքբեկյանի շնորհիվ: Միայն պարոն Մելիքբեկյանի շնորհիվ ես թողեցի ընտանիքս եւ եկա Հայաստան, բայց ես սիրում եմ մարտահրավերներ: Հայաստանի ֆուտբոլային ենթակառուցվածքների մասին ինձ պատմել է Հենրիխ Մխիթարյանի մայր Մարինան: Նա ասել էր, որ Հայաստանում կա շատ լավ Ֆուտբոլի ակադեմիա եւ դու պետք է գաս այստեղ: Սակայն նույնիսկ չէի կարող պատկերացնել, որ այստեղ կլինեն այսքան լավ պայմաններ: Ես արդեն Հայաստանում եմ եւ կփորձեմ հասնել նրան, որ հայկական ֆուտբոլը տարիների ընթացքում հասնի վերելքի:

Չգիտեմ, թե որքան կմնամ այստեղ, սակայն, երբ հեռանամ, ցանկանում եմ ինձանից հետո թողնել մի հիմք, որպեսզի հայ մարզիչները կարողանան շարունակել աշխատել դրանով: Իհարկե, ունեմ նաեւ ակումբների օգնության կարիքը, քանի որ ֆեդերացիան իր կողմից ամեն բան անում է: Եթե բոլորս առաջ շարժվենք նույն ուղղությամբ, վստահ եմ, կհասնենք հաջողության: Պարզապես պետք է բոլորը հասկանան այն գաղափարները, որոնք ցանկանում ենք բերել այստեղ, եւ կլինի առաջընթաց: Հայաստանից հեռանալու պատճառ կարող է դառնալ միայն առողջությունս:

Իմ օգնականը Հայաստանից վերադառնալուց հետո ասաց, որ ոչ մի երկրում չէր արժանացել այդպիսի ընդունելության, եւ հնարավոր չէ մերժել այդ առաջարկը: Մենք ապրում ենք Ֆուտբոլի ակադեմիայում եւ միայն կրրակի օրերին ենք դուրս գալիս այնտեղից: Բոլորին հրավիրում եմ տեսնելու, թե ինչպես են ընթանում աշխատանքները»,- ասել է Խինես Մելենդեսը:

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը ՀՖՖ-ի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

2011-2018թթ. Խինես Մելենդեսը զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի եւ տարբեր տարիքային հավաքականների համակարգողի պաշտոնը: Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներ գլխավորելիս նա մարզել է Չավիին, Անդրես Ինյեստային, Իկեր Կասիլյասին, Դավիդ Վիլյային, Սեսկ Ֆաբրեգասին, Խուան Մատային, Ժերար Պիկեին, Իսկոյին եւ այլ աստղային ֆուտբոլիստների: Մելենդեսը 2008 թվականից ՈւԵՖԱ-ի, իսկ 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է:

Կարդացեք նաեւ՝ Խինես Մելենդեսի՝ հայկական ֆուտբոլը զարգացնելու տեսլականը

Դավիթ Եղիազարյան

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում