17:12  ,  11 փետրվարի, 2019

«Լոռիին» միացել է մոլդովացի հարձակվող, «Արցախը» մեկնել է Թբիլիսի եւ կփորձարկի լեգեոնականների

Երեւանի «Արցախը» մեկնել է Թբիլիսի, որտեղ փետրվարի 11-ից 23-ը հավաք կանցկացնի Թենգիզ Սուլակվելիձեի սպորտային ակադեմիայում։

Հավաքի ընթացքում հայկական ակումբը 4 ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի Բարձրագույն խմբի թիմերի հետ։ «Արցախի» մրցակիցները կլինեն Թելավիի «Կախեթին», «Գագրան», «Մերանին» եւ «ՎԻԹ Ջորջիան»: Խաղերը նախատեսված են փետրվարի 13-ին, 16-ին, 19-ին եւ 22-ին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արցախի» կազմում փորձաշրջան կանցնեն Թուրքմենստանի ազգային հավաքականի պաշտպան Սերդար Անաորազովը, ուկրաինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Վալերի Գրիշինը եւ եզրային պաշտպան Վրաստանից։

Վանաձորի «Լոռին» պաշտոնապես հայտարարել է մոլդովացի հարձակվող Ալեքսանդրու Օսիպովի տեղափոխության մասին: 18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 5-ը:

Օսիպովը «Լոռի» է տեղափոխվել մոլդովական «Շերիֆից», որի մինչեւ 19 տարեկանների թիմի կազմում մասնակցել է ՈւԵՖԱ-ի պատանեկան լիգայի (UEFA Youth League) 3 հանդիպման եւ դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Մոլդովայի Մ-19 հավաքականի կազմում նա մասնակցել է 5 հանդիպման, դարձել երկու գոլի հեղինակ:

«Լոռիի» կազմը համալրել է նաեւ «Բանանցի», «Իմպուլսի», «Ալաշկերտի», «Փյունիկի», պորտուգալական «Ալկանենենսեի» ու Հայաստանի Մ-17 հավաքականի նախկին կիսապաշտպան Վլադիմիր Բաբայանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով