11:12  ,  11 փետրվարի, 2019

Մաուրիցիո Սարի. Չեմ կարող բացատրել այս պարտությունը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթիից» 0:6 հաշվով կրած պարտությունը:

«Չեմ կարող բացատրել այս պարտությունը: Մենք չափից դուրս շատ սխալներ թույլ տվեցինք: Մրցակիցը խաղում էր ֆանտաստիկ ֆուտբոլ: Փորձում էինք պրեսինգի դիմել խաղի սկզբնամասում, սակայն մեր ծրագրածը ամբողջությամբ ձախողվեց: Մրցակիցը շատ ուժեղ ճնշում գործադրեց, իսկ մենք չկարողացանք ճիշտ արձագանքել դրան: Չկարողացանք մնալ խաղի մեջ:  

Պետք է հասկանանք, թե ինչու ենք անհաջող խաղում հյուրընկալվելիս: Մրցաշրջանի սկզբում մենք ավելի լավ էինք խաղում դրսում, քան տանը: Ինչ վերաբերում է իմ ապագային, ապա այդ մասին հարցրեք ակումբին:

Ինչ վերաբերում է Գվարդիոլայի ձեռքը չսեղմելուն, ես չտեսա նրան այդ պահին: Ցանկանում էի հնարավորինս շուտ գնալ հանդերձարան: Նրա հետ խնդիրներ չունեմ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ այդ պարտությունից հետո Մաուրիցիո Սարին չէր սեղմել «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Խոսեպ Գվարդիոլայի ձեռքը:

1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում «Չելսին» առաջին անգամ բաց թողեց 6 գոլ: Բացի այդ, մինչեւ այս Պրեմյեր լիգայում լոնդոնյան ակումբի ամենախոշոր հաշվով պարտությունը եղել էր 4 գոլի տարբերությամբ:

«Չելսին» «Նոթինգհեմ Ֆորեստին» 0:7 հաշվով պարտվել էր 1991-ին, երբ Պրեմյեր լիգան դեռ հիմնադրված չէր:

Այդ հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 65 միավոր եւ հավասարվեց առաջատար «Լիվերպուլին», որից մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով մանչեսթերցիներն առաջին տեղում են: «Չելսին» ունի 50 միավոր եւ «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում