11:54  ,  5 փետրվարի, 2019

Հենրիխ Մխիթարյանը՝ խաղադաշտ վերադառնալու ու անավարտ մնացած խաղի մասին (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» մինչեւ 23 տարեկանների թիմի կազմում «Վեստ Հեմի» դեմ Անգլիայի երիտասարդական առաջնության (Պրեմյեր լիգա-2) 16-րդ տուրի խաղին մասնակցելուց հետո կիսվել է տպավորություններով: Այդ հանդիպումն անավարտ էր մնացել վատ եղանակային պայմանների (մառախուղ) պատճառով: Առաջին խաղակեսից հետո «Արսենալը» հաղթում էր 3:0 հաշվով:

«Որոշ ժամանակ անց ես վերադարձա խաղադաշտ: Հանդես եկա մինչեւ 23 տարեկանների թիմի կազմում, ինչի համար ուրախ եմ: Հույս ունեմ, որ այլեւս չեն լինի վնասվածքներ եւ կշարունակեմ խաղալ:

Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աշխատում էին ինձ հետ՝ բժշկական անձնակազմ, ֆիզպատրաստության մարզիչ եւ, նույնիսկ, թիմակիցներ: Նրանք աջակցում էին ինձ ամեն օր: Սա կյանք է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Հույս ունեմ, որ այլեւս ոչ ոք վնասվածք չի ստանա, եւ թիմն ամբողջական կազմով կպատրաստվի հաջորդ խաղերին:

Ցավոք, չկարողացանք ավարտել հանդիպումը: Խաղն անավարտ մնաց, բայց անցկացրինք հրաշալի առաջին խաղակես: Կարծում եմ՝ ամեն բան լավ կատարեցինք: Խփեցինք 3 գոլ, խաղում էինք լավ ֆուտբոլ եւ կարող էինք մեծացնել առավելությունը: Երբեք չէր եղել, որ իմ մասնակցությամբ հանդիպումը դադարեցվեր ընդմիջմանը»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Արսենալի» կայքը:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից բացակայում էր դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: 

«Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 9-ին՝ Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում հյուրընկալվելով հետնապահ «Հադերսֆիլդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում