22:23  ,  3 փետրվարի, 2019

Ագուերոյի հեթ-տրիկն ու «Արսենալի» պարտությունը Մանչեսթերում (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո դարձյալ չէր հայտավորվել «Արսենալի» կազմում (տեսանյութ):

«Մանչեսթեր Սիթին» հաշիվը բացեց 47-րդ վայրկյանին, երբ գլխի հարվածով աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն: Սկզբնամասում մանչեսթերցիներն ունեին նկատելի առավելություն, սակայն գոլ բաց թողեցին 11-րդ րոպեին: Անկյունային հարվածի խաղարկման արդյունքում հաշիվը հավասարեցրեց ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնին:

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում «Արսենալն» աստիճանաբար հավասարեցրեց խաղը, բայց վերջնամասում դարձյալ հայտնվեց հաշվի մեջ հետապնդողի դերում: 44-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն:

Ընդմիջումից հետո «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ տեսք ուներ եւ 61-րդ րոպեին մեծացրեց առավելությունը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ագուերոն, որը ձեւակերպեց խաղի վերջնական հաշիվը: 66-րդ րոպեին հյուրերի կազմում փոխարինման դուրս եկավ «Բարսելոնայից» տեղափոխված իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը, որը նորամուտը նշեց «Արսենալի» կազմում:

Այս հաղթանակից հետո Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հավաքեց 59 միավոր եւ, շրջանցելով Լոնդոնի «Տոտենհեմին», վերադարձավ երկրորդ տեղ: Առաջատար «Լիվերպուլը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել եւ ունի 61 միավոր, իսկ «Արսենալը» 47 միավորով նահանջեց 6-րդ տեղ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման նախախաղային մարզմանը 30-ամյա կիսապաշտպանը մասնակցել էր «Արսենալի» ընդհանուր խմբում:

Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ»՝ 3:1

Սերխիո Ագուերո, 1, 44, 61 – Լորան Կոսելնի, 11

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Կայլ Ուոլկեր, Էյմերիկ Լյապորտ, Նիկոլաս Օտամենդի, Ֆերնանդինյո, Իլկայ Գյունդոգան, Դավիդ Սիլվա, Բերնարդո Սիլվա, Կեւին դե Բրույնե (Ռիհադ Մահրեզ, 87), Ռահիմ Ստերլինգ, Սերխիո Ագուերո (Գաբրիել Ժեզուս, 81):

«Արսենալ». Բերնդ Լենո, Շտեֆան Լիխշտայներ, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի (Կոստանտինոս Մավրոպանոս, 79), Նաչո Մոնրեալ, Սեադ Կոլաշինաց (Դենիս Սուարես, 66), Լուկաս Տորեյրա, Մատեո Գենդուզի, Ալեքս Իվոբի (Աարոն Ռեմզի, 66), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Ալեքսանդր Լյակազեթ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում