11:16  ,  4 փետրվարի, 2019

«Ֆուտզալ բիզնես լիգա». Լրագրողների թիմը կիսաեզրափակիչում է, գործող չեմպիոնը լքեց պայքարը

Նախկին «Միկա» մարզադահլիճում շարունակվող «Ֆուտզալ բիզնես լիգայի» C մրցաշարում այս հանգստյան օրերին կայացել են խմբային փուլի վերջին՝ 5-րդ տուրի հանդիպումները: A խմբից կիսաեզրափակիչի ուղեգիր են նվաճել «Գրանդ Սպորտը» եւ «Իմեքս Գրուպը», իսկ B խմբից պայքարը շարունակում են լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը եւ «Յունիբանկը»:

5-րդ տուրում լրագրողները 5:3 հաշվով առավելության են հասել «Բարսիսի» նկատմամբ եւ խմբում գրավել առաջին տեղը, իսկ «Յունիբանկը» 6:3 հաշվով ուժեղ է գտնվել մրցաշարի գործող հաղթող «Ֆասթ Կրեդիտից», որն այդ պարտության պատճառով լքեց պայքարը:  B խմբի հետնապահների խաղում «Մարիաննան» 6:4 հաշվով հաղթել է «Գլոբալ Կրեդիտին»:

A խմբի երկրորդ ուղեգիրը վիճարկվել է «Յուքոմի» եւ «Իմեքս Գրուպի» միջեւ խաղում: «Իմեքս Գրուպը» վստահ հաղթանակ է տարել 5:1 հաշվով, իսկ կիսաեզրափակիչում կմրցեն լրագրողների թիմի հետ: Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Յունիբանկը» եւ «Գրանտ Սպորտը»:

Լրագրողների Հայաստանի հավաքականը դարձավ խմբային փուլում ամենաշատ գոլ խփած թիմը (44 գոլ):

Հիշեցնենք, որ շարունակվում է «Ֆուտզալ բիզնես լիգայի» B մրցաշարի հայտերի ընդունումը, որի վերջնաժամկետը փետրվարի 12-ն է:

Ֆոտո՝ «Ֆուտզալ բիզնես լիգայի»  մամուլի ծառություն

  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում