22:12  ,  2 փետրվարի, 2019

Արթուր Գեւորգյան. Չեմ հավատում Հրաչյա Ռոստոմյանի հրապարակած գրության իսկությանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը կասկածի տակ է դնում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոտսոմյանի կողմից հրապարակած ԱԻԲԱ-ի գրության իրական լինելուն, քանի որ ԱԻԲԱ-ում տեղյակ չեն, թե ինչ գրության մասին է խոսքը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն, անդրադառնալով նորաստեղծ ֆեդերացիայի նախագահի հայտարարությանն այն մասին, որ պատրաստվում են ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններին:

Հայկական բռնցքամարտում կրքերը դեռ չեն հանդարտվում: Օրերս հայկական ազգային ֆեդերացիայի նախագահը հայտարարեց, որ պատրաստվում են Օլիմպիական խաղերին եւ նախաօլիմպիական տարվա կարեւորագույն մրցաշարերին:

Հիշեցնենք, որ 2018 թվականի տարեվերջին Հրաչյա Ռոստոմյանն իր ֆեյսբուքայն էջում հրապարակեց ԱԻԲԱ-ի կողմից ուղարկված մի գրություն, որտեղ մասնավորապես ասվում է, թե միջազգային կառույցն անվավեր է ճանաչում 2018 թվականի օգոստոսի 2-ին կայացած ֆեդերացիայի նախագահի ընտրությունները եւ պահանջում է նոր ընտրությունների անցկացում:

Գրությունն ուղարկված է ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի անունով, սակայն ֆեդերացիայի նախագահի խոսքով, ոչ ինքը, ոչ էլ ֆեդերացիան նման գրություն չեն ստացել: NEWS.am Sport-ի թղթակցի հետ տարեվերջյան ամփոփիչ հարցազրույցում Արթուր Գեւորգյանը նշել էր, որ նամակով դիմել է ԱԻԲԱ-ին, այդ գրության իրականությանը եւ մանրամասներին ծանոթանալու նպատակով: Մինչ օրս ԱԻԲԱ-ն չի արձագանքել Արթուր Գեւորգյանի նամակին:

«Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է, բայց ոչ ֆեդերացիա եւ ճանաչված չէ միջազգային կառույցի՝ ԱԻԲԱ-ի կողմից: Միջազգային կառույցը ճանաչում է միայն մեր ֆեդերացիան, ինչը կասկածի տակ դնել չի կարելի: Մենք մինչ օրս նորմալ աշխատում ենք, որեւէ խնդիր ու խոչընդոտ չկա:

Թող բոլորն էլ մարզվեն, հայտարարեն նախաօլիմպիական տարի, սա շատ լավ է: Բայց բացի մեր ֆեդերացիայի անդամներից, ներկայացուցիչներից, որեւէ այլ կազմակերպությունից իրավունք չեն ունենա մասնակցել տարվա խոշորագույն մրցաշարերին, Օլիմպիական խաղերին: Նախարարության, Օլիմպիական կոմիտեի, ինչ-որ անձնանց, ուրիշ երկրների միջնորդությամբ նույնիսկ որեւէ մեկը չի կարող հանդես գալ մրցաշարերին, եթե չի ներկայացնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե իբր ԱԻԲԱ-ն պահանջում է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություններ եւ խախտումներ է գտել 2018 թվականի օգոստոսի 2-ին անցկացրած ընտրություններում, իրականում բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս: Ես չեմ հավատում ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հրապարակած գրության իսկությանը:

Մենք նամակով դիմեցինք ԱԻԲԱ-ին, պարզաբանում ստանալու նպատակով, սակայն ԱԻԲԱ-ից այդ գրության վերաբերյալ որեւէ պատասխան չենք ստացել: Դրա փոխարեն կան լիքը ադեկվատ, աշխատանքային պատասխաններ. Մեզանից անդամավճար են ուզում, մեր թեկնածուների անուններ են ուզում, զուտ աշխատանքային գրություններ, որոնք ստանում եմ իմ անունով, եւ ես եմ այդ գրություններին պատասխանում:

Երբ ես միջազգային կառույցի ղեկավարներին հարցրեցի, թե ինչ գրություն են ուղարկել իմ անունով, նրանք զարմացան՝ ինչի մասին է խոսքը: Ես որեւէ լրջություն չեմ տալիս այս խոսակցություններին, երբեւէ չեմ խուսափել ընտրություններից: Մարդիկ են, դոդ-դոդ մի բան ասել են, ուղղակի պետք է ուշադրություն չդարձնել»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով