19:41  ,  31 հունվարի, 2019

Փաշիկ Ալավերդյան. Նպատակ ունենք ամբողջական կազմով մասնակցել Եվրոպայի առաջնությանը

Ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց Հայաստանի հավաքականներն ավարտել են երեւանյան հավաքը եւ փետրվարի 1-ից մարզումները կշարունակեն Աբովյանի մարզահամալիրում: 10-օրյա հավաքից հետո ծանրորդները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Նրանք նախապատրաստվում են ապրիլի 5-ին Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկող Եվրոպայի առաջնությանը, որն օլիմպիական վարկանիշային մրցաշար է:

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ամփոփել է հավաքը եւ անդրադարձել Եվրոպայի առաջնությանը:

«Նպատակ ունենք տղամարդկանց հավաքականը լրիվ կազմով ներկայացնել եվրոպական ստուգատեսին: Ուզում ենք տեսնել Հայաստանի մարզիկների մրցելույթները, ծանրութեթև անել, գնահատել նրանց գործողությունները: Հնարավոր է՝ նոր, շնորհալի տղաներով համալրվի մեր թիմը: Կարծում եմ՝ ինչպես Երեւանում էր, ճիշտ կօգտագործենք նաեւ Եվրոպայի առաջնությանը նախորդող մարզումները: Կանանց հավաքականում սերնդափոխություն է տեղի ունենում: Ըստ էության՝ 3-4 մարզուհի կուղեկցենք Եվրոպայի առաջնություն»,- Փաշիկ Ալավերդյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում