22:52  ,  30 հունվարի, 2019

ՀԲՖ նախագահ. Արսեն Ջուլֆալակյանին խորհուրդ կտամ արդեն եղած նախագիծը որպես իր նոր միտք, հերոսություն չներկայացնել

Արսեն Ջուլֆալակյանին խորհուրդ կտամ արդեն եղած նախագիծը որպես իր նոր միտք, հերոսություն չներկայացնել: Ազգային հավաքականներում եղած տարիները որպես մարզիկների աշխատանքային ստաժ ճանաչելու մտահաղացումն իմն է եղել եւ նախագծի վրա արդեն կա կատարված ծավալուն աշխատանք: Եթե պետք է, կարող եմ տրամադրել, ավարտին հասցնի նախագիծը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը:

ՀԲՖ նախագահը գովելի է համարում Ազգային ժողովում մարզաշխարհի ներկայացուցիչ ունենալը: «Իմ Քայլը» դաշինքից պատգամավոր է ընտրվել հունահռոմեական ոճի ըմբիշ, Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, որն օրենսդիր աշխատանքը համատեղում է մարզիկի կարիերայի հետ:

«Բազմիցս արտահայտվել եմ նոր կառավարության, ղեկավարության մասին, որ շատ եմ ուզում՝ նրանք հաջողեն եւ պատրաստ եմ ամեն ինչով օգտակար լինել: Ցավոք՝ ոչ բոլոր ոլորտներում եւ ուղղություններով կարելի է հպարտությամբ խոսել. վտանգներ եւ մտահոգություններ կան: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի:

Շատ գովելի է, որ Ազգային ժողովում ունենք մարզաշխարհի ներկայացուցիչ՝ ի դեմս Արսեն Ջուլֆալակյանի: Հուսամ՝ նրան կհաջողվի ավարտին հասցնել մեր կիսատ թողած գործերը:

Սակայն, օրերս աչքովս ընկավ Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությունն այն մասին, որ նա հանդես կգա հավաքականներում եղած տարիները մարզիկների աշխատանքային ստաժ համարելու նախագծով եւ հայտնել էր, որ այդ ուղղությամբ կաշխատի:

Ուզում եմ Արսեն Ջուլֆալակյանին տեղեկացնել, որ այդ աշխատանքն արդեն արված է, ԱԺ-ում այդ նախագիծն արդեն ներկայացվել է, աշխատանքը տարվել է, գոյություն ունի արդեն իսկ աշխատած, սոցապնախարարության, միջազգային մասնագետների հետ ստեղծած մեծածավալ փաթեթ: Այս նախագծի նախաձեռնողներից մեկը սպորտի մասով ես եմ եղել: Պիտի խնդրեմ Արսենին շարունակել եւ ավարտին հասցնել այդ աշխատանքը: Եթե կհաջողի, գովելի կլինի, բայց պետք չի ներկայացնել, որպես նոր միտք, որպես հերոսություն:

Նախագիծը վերաբերվել է ոչ միայն մարզիկներին, այլ նաեւ ուսանողներին: ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանի առաջարկով նախագծում մեր կողմից առաջարկվել է նաեւ ուսանողների պրակտիկան ճանաչել որպես աշխատանքային ստաժ: Այս նախագծի վրա աշխատել ենք ես եւ Արման Սաղաթելյանը:

Սրա մասին մենք՝ Արսենի հետ, բազմիցս խոսել ենք: Մենք լավ հարաբերություններ ունենք, բայց ուզում եմ ասել, որ այդ նախագիծը նորություն չէ, եւ դա իմ միտքն է եղել: Նախագծի փաթեթն ինձ մոտ է: Եթե ցանկություն կա աշխատել այս նախագծի վրա, միայն ուրախ կլինեմ տրամադրել արդեն կատարված ծավալուն աշխատանքը:

Ի դեպ, գովելի է նաեւ, որ Արսեն Ջուլֆալակյանը համատեղում է օրենսդիր մարմնում իր աշխատանքը մարզական կարիերայի հետ: Սա աննախադեպ քայլ է Հայաստանի պատմության մեջ: Լիահույս եմ, որ նա մարզական կարիերայում կշարունակի բարձր նվաճումներ ունենալ եւ դրան զուգահեռ հաջող աշխատանք տանել օրենսդիրում»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով