21:55  +04,  30 հունվարի, 2019

Արթուր Գեւորգյան. ԱՄՆ-ում մարզադահլիճների դռները բաց են մեզ համար, իսկ մեր երկրում, նույնիսկ, վճարելով ենք խնդիրներ ունենում

Հայայստանում կբացվի բռնցքամարտի ակադեմիա, եթե ՀՀ Կառավարությունն ընդհանուր հայտարարի գա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

Մեկնարկել են նախաօլիմպիական տարվա տարբեր մարզաձեւերի առաջին ուսումնամարզական հավաքները: Բռնցքամարտիկների հավաքականը մեկնարկում է մեկ ամիս ուշացումով, քանի որ ամենամյա ծաղկաձորյան հավաք անցկացնելու հնարավորություն թիմը չի ունեցել. Ծաղկաձորի մարզաբազայում տեղ չի եղել մարզիկների համար: Բռնցքամարտիկները հավաք կանցնեն Երեւանի Օլիմպավանում՝ փետրվարի 2-ից:

Բռնցքամարտի հավաքականը նոր մարզիչ ունի: Հունվարի 28-ին ՀԲՖ-ում Արթուր Գեւորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մարզչական շտաբի նիստ, որի ընթացքում Դավիթ Թորոսյանը հրաժարվել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից: Քվեարկությամբ նոր մարզիչ է ընտրվել գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանը՝ աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչը:

Թե որքանով էր նպատակահարմար նախաօլիմպիական տարվա մեկնարկում նման կարեւոր փոփոխություն կատարել ազգային հավաքականում, ըստ Արթուր Գեւորգյանի, Դավիթ Թորոսյանի բացակայությունները հավաքականի մարզումներից եւ հավաքներից, խոչընդոտում էին թիմի լավ աշխատանքին:

«Դավիթ Թորոսյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեր թիմն է ղեկավարում, եւ նրա ծանրաբեռնվածությունն արդեն խանգարում էր ազգային հավաքականում լիարժեք աշխատելուն: Տեղին էր այս փոփոխությունը: Օրինակ՝  մեկ շաբաթից պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները Սոչիում մենամարտեր ունեն, իսկ թիմը սովորաբար մրցավայր է մեկնում մեկ շաբաթ առաջ, տեղում մարզումներ անում: Այդ ընթացքում ազգային հավաքականն ունի հավաք այստեղ, իսկ Դավիթ Թորոսյանը չէր կարող ներկա գտնվել այդ հավաքին: Այսպես շարունակական էր լինելու, քանի որ ծանրաբեռնված տարի է լինելու ոչ միայն ազգային հավաքականի, այլեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համար: Այնպես, որ ինձ համար եւս անընդունելի էր Դավիթ Թորոսյանի բացակայությունները ազգային հավաքականի մարզումներից, հավաքներից: Դավիթ Թորոսյանը ավելի լավ է զբաղվի իր թիմով:

Քվեարկություն է եղել, թեկնածուներ են եղել՝ Իսրայել Հակոբկոխյան, Կարեն Աղամալյան եւ Ռուդիկ Մկրտչյան: Առաջին երկու թեկնածուներն ինքնակամ հրաժարվեցին գլխավոր մարզիչի պաշտոնից եւ ընտրվեց Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչը: Ռուդիկ Մկրտչյանն իր աշխատանքով արդեն ցուցադրել է իր որակները, թիմի լիդերի մարզիչն է եւ գյումրեցի է, իսկ ազգային հավաքականի 40-50 տոկոսը գյումրեցիներ են: Վստահ եմ, որ որպես մարզիչ, Ռուդիկ Մկրտչյանն իրեն փայլուն է դրսեւորելու: Նրան կօգնի Վահան Ադիլխանյանը, ով նախկինում էլ  է եղել հավաքականի գլխավոր մարզիչի օգնական:

Գլխավոր մարզիչի առջեւ խնդիր է դրված նախաօլիմպիական տարում նվաճել օլիմպիական ուղեգրեր, բայց մի փոքր այլ շեշտադրությամբ՝ ոչ թե ուղեգրերի քանակ ապահովել, այլ որակ: Համաձայն ենք, լինի, թեկուզ մեկ ուղեգիր, բայց որը իրական օլիմպիական մեդալի կհավակնի: Օրինակ, ես հավատում եմ, որ Հովհաննես Բաչկովը, լավ աշխատանքի արդյունքում, կկարողանա նվաճել օլիմպիական մեդալ:

Այս փոփոխությունների որոշումն իմն էր, նախապես զրուցել եւ քննարկել էինք Դավիթ Թորոսյանի հետ, եկել էինք ընդհանուր համաձայնության»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը, Արթուր Գեւորգյանի խոսքով, մարզումներ, հավաքներ անցկացնելու դահլիճ չունի: Առաջիկայում ֆեդերացիան կունենա իր ակադեմիան: ՀԲՖ-ն նամակով կդիմի Կառավարությանը, բռնցքամարտի ֆեդերացիային շենքային պայման տրամադրելու առաջարկով, որտեղ անվճար կմարզվեն բռնցքամարտի ազգային հավաքականները:

«Մենք այս տարի հնարավորություն չունեցանք հավաք ունենալ Ծաղկաձորում, քանի որ անհասկանալի պատճառներով, մեզ մերժեցին՝ պատճառաբանելով, թե տեղ չկա: Սա այն պայմաններում, երբ այդ հավաքների համար ֆեդերացիան վճարում է: Երեւանյան դահլիճներում մարզվելու պայմաններ չկան, ջեռուցում չկա: Մարդիկ կառուցել են նոր դահլիճներ, դա ներկայացնում են որպես սպորտում կատարած բարեգործություն, աշխատանք, բայց այդ ամենը վճարովի է, բիզնես-կենտրոններ:

Հայաստանում որեւէ մեկը մեզ անվճար հավաք անցկացնելու հնարավորություն չի տալիս: Իսկ, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ այժմ մարզվում է Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Հայաստանի բռնցքամարտիկները մարզվում եւ հավաքներ են անում անվճար, այնպես, ինչպես այժմ այնտեղ մարզվում է մեր օլիմպիական չեմպիոնը: ԱՄՆ-ում մարզադահլիճների դռները բաց են մեզ համար, իսկ մեր երկրում, նույնիսկ վճարելով ենք խնդիրներ ունենում հավաքներ, մարզումներ անցկացնելիս:

Ֆեդերացիան այս խնդրին լուծում տալու համար, որոշել է կառուցել իր սեփական ակադեմիան, իր բոլոր հարմարություններով եւ միջազգային ստանդարտներին համապատասխան մարզադահլիճով: Ակադեմիայում անվճար կմարզվեն բռնցքամարտի ազգային հավաքականները: Այդ նույն շենքում կտեղակայվի նաեւ ֆեդերացիան: Դիմելու ենք կառավարությանը՝ մեզ համապատասխան, թեկուզ կիսակառույց շինություն տրամադրի: Պատրաստ եմ իմ սեփական միջոցներով ներդրում կատարել եւ կառուցել բռնցքամարտի կենտրոն, որպեսզի այլեւս այսօրինակ քաշքշուկների մեջ չհայտնվենք: Արդեն աչքի տակ ունենք համապատասխան շինություն: Կարծում եմ, կառավարության հետ կգանք ընդհանուր համաձայնության: Եվ եթե շենքը մեզ տրամադրվի, 2-3 ամսում մեր կենտրոնը պատրաստ կլինի»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ