16:33  ,  30 հունվարի, 2019

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվողի հետ

«Ալաշկերտի» կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Գլաուսիո Ժոզե դե Արաուժո Սիլվան, հայտնում է ակումբի կայքը:

24-ամյա ֆուտբոլիստը հայկական ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2020 թվականի օգոստոսը:

Մինչեւ «Ալաշկերտ» տեղափոխվելը հարձակվողը խաղացել է բրազիլական «Ամերիկա», «Գլոբո» եւ «Օեստե» թիմերում, իսկ վերջին ամիսներին հանդես էր գալիս բուլղարական «Դունավի» կազմում:

«Շատ ուրախ եմ, որ պայմանագիր ստորագրեցի «Ալաշկերտի» հետ: Միշտ էլ հաճելի է խաղալ չեմպիոնի կազմում: Պետք է պաշտպանենք չեմպիոնական տիտղոսը եւ կարողանանք հաջողության հասնել եվրագավաթներում: Սա արտասահմանում հանդես գալու իմ երկրորդ փորձն է: Վերջին ամիսներին խաղում էի Բուլղարիայում: Կարծում եմ, որ այդ փորձը կօգնի ինձ արդեն «Ալաշկերտում»:

Թիմում ինձ շատ լավ ընդունեցին, ամեն ինչ հիանալի է: Ադապտացիայի հարցում ինձ շատ են օգնում իմ հայրենակիցներ Ջեֆերսոնը եւ Գուստավոն: Ողջունում եմ նաեւ «Ալաշկերտի» երկրպագուներին: Ամեն ինչ կանեմ, որպեսզի ուրախացնեմ իմ գոլերով»,- նշել է Գլաուսիոն:

Գլաուսիոն «Ալաշկերտին» միացել էր մինչեւ Անթալիա մեկնելը եւ այս օրերին մասնակցում է տարվա առաջին արտասահմանյան հավաքին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում