11:51  ,  29 հունվարի, 2019

Gibraltar Masters. Լեւոն Արոնյանը կմրցի միանձնյա առաջատարի հետ

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարում (10 տուր) հունվարի 29-ին կանցկացվի 8-րդ տուրը:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով կմրցի 20-ամյա ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմեւի հետ, որը նախորդ տուրում հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային եւ 6 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Արոնյանը բաց էր թողնել 7-րդ տուրը եւ վաստակել է կես միավոր: Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը տարել է 4 հաղթանակ եւ 5.5 միավորով բաժանում է 2-12-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը 7-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով հաղթել է լեհ Ռադոսլավ Բարսկիին, իսկ կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ռուս Յուրի Գորյաչկինի հետ: Մելքումյանն ունի 4.5 միավոր, իսկ Դանիելյանը՝ 3:

8-րդ տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում