22:20  +04,  26 հունվարի, 2019

ԵՄ-ի համեստ ներդրումով Աշոցքում ստեղծվել է դահուկային սպորտի միջազգային կենտրոն դառնալու նախադրյալ (ֆոտո)

Բոլոր նախադրյալները կան Աշոցքը միջազգային դահուկային սպորտի կենտրոն դարձնելու եւ տուրիզմն այստեղ զարգացնելու համար: Մեր համայնքում դահուկավազքը լավ հիմքերի վրա է դրված:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջատար դահուկորդ, երկու ձմեռային Օլիմպիական խաղերի՝ Վանկուվեր-2010 եւ Սոչի-2014 մասնակից Սերգեյ Միքայելյանը, ով այս շրջանում վնասվածքների ապաքինման փուլում է եւ մրցաշարերի չի մասնակցում:

Սերգեյ Միքայելյանը ծնվել է Ռուսաստանում, բայց մանկությունն անցկացրել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում, որտեղ էլ սկսվել է ապագա դահուկորդի առաջին քայլերը պրոֆեսիոնալ սպորտում: Այսօր Սերգեյ Միքայելյանն իր ընտանիքի եւ Հայաստանի մյուս առաջատար դահուկորդ, կրտսեր եղբայր Միքայել Միքայելյանի հետ ապրում է Աշոցքում, որտեղ, ինչպես գյուղի բնակիչներն են ասում, տարին 7 ամիս ձմեռ է եւ առատ ձյուն:

Դեռեւս 2017-18 թթ. Աշոցքում կառուցվեց դահուկավազքի մրցուղի եւ անցկացվեց միջազգային մրցաշար: Այս տարի Աշոցքում դահուկային սպորտի համար ավելի կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ. համայնքը հայտարարվեց դահուկային սպորտի Հայաստանի կենտրոն, իհարկե Ծաղկաձորից հետո: Եվրոպական միության աջակցությամբ եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Աշոցքում կառուցվել է դահուկային սպորտի կենտրոն՝ հյուրատուն: Հունվարի 26-ին կայացավ կենտրոնի պաշտոնական բացումը՝ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ:

«Եվրամիությունն ուզում է, որ Հայաստանում մարդիկ լինեն ուժեղ եւ առողջ: Դրանում նրանց կօգնի սպորտը: Օգտագործելով այն փաստը, որ Աշոցքում տարին 7 ամիս առատ ձյուն է եւ այստեղ արդեն գործում է դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված վազքուղի, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի հետ որոշեցինք Աշոցքի բնակիչներին ուրախացնել եւ այստեղ մեկնարկ տալ մի նախագծի, որ մեծ հեռանկարներ ունի: Կարծում եմ, Աշոցքի բնակիչների համար շատ կարեւոր է ունենալ նման կենտրոն, որը կնպաստի ոչ միայն սպորտի մասսայականացմանը, այլեւ տուրիզմի զարգացմանը:

Մեր ծրագիրը մեծ բյուջե չի կազմում, այն արժեցել է 60 հազար եվրո, ինչը խոսում է այն մասին, որ համեստ ներդրումով կարելի է մեծ փոփոխություններ իրականցնել հեռավոր համայնքներում: Սա մեր 10 ծրագրերից մեկն է Հայաստանի հեռավոր համայնքերում: Հետագայում կունենանք նմանօրինակ մի շարք ծրագրեր: Կարծում եմ դահուկավազքն ընտանեկան մարզաձեւ է եւ ուրախ եմ, որ մեր նախագիծը կխթանի Հայաստանում առողջ եւ սպորտային ընտանիքներ ունենալուն: Այս նախագիծը մեծ կարեւորություն ունի նաեւ Հայաստանի հեռավոր համայնքներում տուրիզմը զարգացնելու առումով: Իսկ Եվրամիությունը նախատեսում է եւս 7 միլիոն եվրոյի ներդրում Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը վստահվեց դեսպան Պյոտր Սվիտալսկուն, դահուկորդ Միքայել Միքայելյանին եւ դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանին, որոնք էլ կտրեցին կարմիր ժապավենը: Իսկ նախքան ժապավենի կտրելը, Գագիկ Սարգսյանը հայտարարեց, որ ֆեդերացիայի որոշմամբ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ճանաչվում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի պատվավոր անդամ:

«Մինչ այս մեր ֆեդերացիան երբեւէ պատվավոր անդամ չէր ունեցել, եւ ֆեդերացիայի որոշմամբ ու ցանկությամբ, պարոն դեսպանին ճանաչել ենք պատվավոր անդամ: Մեր երազանքն էր Հայաստանում երբեւէ ունենալ դահուկային սպորտի կենտրոն: Ավելին, մեր երազանքն էր Հայաստանում ունենալ մի վայր, որտեղ հնարավոր կլիներ զարգացնել դահուկավազքը: Մեր երազանքն իրականություն դարձավ եւ բոլորս մեծ հույս ունենք, որ այն կդառնա տարածաշրջանի կենտրոններից մեկը»,- նշեց Գագիկ Սարգսյանը:

Աշոցքում բացված դահուկային կենտրոնն այդքան էլ մեծ չէ: Գտնվում է անմիջապես վազքուղու հարեւանությամբ եւ շատ հեշտ է կենտրոնից անմիջապես դուրս գալ վազքուղի մարզման կամ մրցումների: Կենտրոնը բաղկացած է մի քանի սրահներից՝ 4 ննջասենյակ, որոնցում այս պահին կարող են գիշերել 14-15 մարզիկ, խոհանոց, հանգստի սենյակ: Կենտրոնի կահավորումը շատ համեստ է, միայն այն ամենը, ինչ անհրաժեշտ է գիշերն անցկացնելու համար: Զվարճանքի համար ոչինչ չկա, այսինքն՝ մարզիկներն այստեղ միայն պետք է մարզվեն, լոգանք ընդունեն, սնվեն եւ գիշերեն: Դրա փոխարեն կենտրոնն ունի ջեռուցման բարձրակարգ համակարգ, իսկ ամբողջ շինությունը կառուցված է այնպիսի նյութերից, որն ապահովում է բարձր ջերմակայություն:

Կենտրոնը ղեկավարելու են դահուկավազքի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, նախկին դահուկորդ Արթուր Միքայելյանը եւ նրա կինը՝ նախկին դահուկորդ Ալլա Միքայելյանը:  Ի դեպ, նախքան կենտրոնի բացումը, դահուկորդների ընտանիքը իրենց սեփական տան երկրորդ հարկում հյուրատուն էին կառուցել եւ հյուրընկալում էին դահուկորդների տարբեր մարզերից, երկրներից, ինչպես նաեւ դահուկավազքի սիրահարների, որոնք ժամանում էին Աշոցք: Իսկ այսօր՝ Միքայելյանների ընտանիքը հենց վազքուղու հարեւանությամբ հյուրասիրություն էր կազմակերպել:

Դահուկային կենտրոնը կծառայի ոչ միայն պրոֆեսիոնալ մարզիկներին, արտերկրյա մարզիկներին, այլեւ դահուկավազքի սիրահարներին: Այստեղ նաեւ կարող են իրենց ուժերը փորձել սկսնակները, քանի որ կենտրոնում կլինեն նաեւ մարզիչներ, պրոֆեսիոնալ դահուկորդներ, որոնք կսովորեցնեն սկսնակներին կանգնել դահուկի վրա, սահել: Դահուկավաքի սիրահարներին մարզչություն կանեն Սերգեյ Միքայելյանը, Սոչի-2014 Օլիմպիական խաղերի մասնակից, նախկին դահուկորդ Արման Եղոյանը եւ այլ մասնագետներ:

«Շատ ուրախ եմ, որ իմ հարազատ Աշոցքում այսուհետ կա կենտրոն, որտեղ հայ մարզիկները, Հայաստանի հավաքականը կկարողանա ապրել եւ մարզվել: Սա հրաշալի միջոց է մարզաձեւը մասսայականացնելու, սիրելի դարձնելու համար, իսկ հայ մարզիկների համար լավագույն պայմանը երկրի ներսում մարզվելու, հավաքներ անցկացնելու համար: Ցավոք, ես այս շրջանում չեմ մարզվում, քանի որ ապաքինվում եմ վնասվածքներից, բայց կարծում եմ, ապաքինումից հետո նորից կկանգնեմ դահուկների վրա եւ սիրով կմարզվեմ: Բայց այդ ընթացքում իմ փորձը կփոխանցեմ այստեղ մարզվող թե մարզիկներին, թե սիրողական սահողներին»,- նկատեց Սերգեյ Միքայելյանը: Նա NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցելուն զուգահեռ, կենտրոնի առաջին այցելուներին սովորեցնում էր դահուկի վրա կանգնել:

Հունվարի 27-ին տեղի կունենա դահուկավազքի սիրողական մրցաշար, որը կունենա 200-ից ավելի մասնակից: Տղամարդիկ կմրցեն 2 կմ, կանայք՝ 1 կմ մրցատարածություններում: Կանցկացվի նաեւ մինչեւ 12 տարեկանների մրցաշար:

Մրցաշարին չեն մասնակցի պրոֆեսիոնալ դահուկորդները: Մասնակիցների հետ մրցուղի է դուրս գալու նաեւ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Հայաստանի հավաքականի համազգեստով, որը հունվարի 26-ին նվեր ստացավ ֆեդերացիայից, որպես Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի առաջին պատվավոր անդամ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ