09:59  ,  25 հունվարի, 2019

Gibraltar Masters. Լեւոն Արոնյանի երկրորդ հաղթանակը

Ջիբրալթարում անցկացվող Gibraltar Masters մրցաշարի (10 տուր) երրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է իսպանացի գրոսմայստեր Ֆերնանդո Խոսե Կուենկա Խիմենեսին: Նախորդ 2 տուրերում Արոնյանը հաղթել էր Ինդոնեզիան ներկայացնող կանանց գրոսմայստեր Իրինե Սուկանդերին ու ոչ ոքի խաղացել ուկրաինուհի Մարիա Մուզիչուկի հետ:

Չորրորդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ուժերը կչափի 5 առաջատարների թվում գտնվող իրանցի շախմատիստուհի Սարասադատ Հադեմալշարեհի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը երրորդ տուրում սպիտակներով ոչ ոքի է խաղացել իսպանացի գրոսմայստեր Ռուիզ Սանթոսի հետ, իսկ կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը սեւերով պարտվել է ֆրանսիացի Սեբաստիան Մազեին: 

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Gibraltar Masters-ի գործող հաղթողն է: Նախորդ տարի հայ գրոսմայստերը եզրափակիչ թայ-բրեյքում ուժեղ էր գտնվել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից:

Մրցաշարի հաղթողը կստանա 25 հազար ֆունտ ստերլինգ: Գումարային պարգեւ կստանան 1-15-րդ տեղ գրաված շախմատիստները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում