10:20  ,  25 հունվարի, 2019

«Մոնակոն» կասեցրել է Թիերի Անրիի լիազորությունները

«Մոնակոն» ժամանակավորապես կասեցրել է թիմի գլխավոր մարզիչ Թիերի Անրիի լիազորությունները, հաղորդում է ակումբի կայքը:

Ակումբի հայտարարությունում նշվում է, որ ֆրանսիացի մասնագետի ապագայի վերաբերյալ հայտարարություն կարվի առաջիկայում: «Մոնակոյի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Ֆրանկ Պասին:

Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի եւ «Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին «Մոնակոյի» երկրորդ թիմ էր ուղարկել բոլոր այն խաղացողներին, որոնք մտածում են միայն իրենց ապագայի մասին: Նշվում է, որ «Մոնակոն» բանակցում է թիմի նախկին գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին վերադարձնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Թիերի Անրին հոկտեմբերի 13-ին էր աշխատանքի անցել «Մոնակոյում», որը Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրից հետո 15 միավորով նախավերջին տեղում է: Դա 41-ամյա ֆրանսիացու առաջին աշխատանքն է գլխավոր մարզիչի պաշտոնում: Նախկինում նա աշխատել էր «Արսենալի» եւ Բելգիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:

Անրին «Մոնակոյի» ակադեմիայի սան է: «Մոնակոյի» գլխավոր թիմում նա խաղացել է 1994-1999-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով