14:36  ,  23 հունվարի, 2019

Ուսեյն Բոլթն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն, 100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ավստրալական «Սենթրալ Քոսթ Մարիներս» ակումբի կազմում նախորդ տարի ֆուտբոլիստի կարիերա սկսած Ուսեյն Բոլթը հայտարարել է, որ հեռանում է ֆուտբոլից: Այդ մասին 32-ամյա ջամայկացին հայտնել է NBC Sports-ի հետ հարցազրույցում:

«Դա լավ փորձ էր ինձ համար: Ինձ դուր էր գալիս լինել թիմում: Դա տարբերվում էր աթլետիկայի կարիերայից, եւ ես մեծ հաճույք ստացա թիմում խաղալիս»,- Բոլթի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ 2017-ին աթլետի կարիերան ավարտած Ուսեյն Բոլթը սկսել էր ֆուտբոլիստի կարիերա եւ նախորդ տարվա  հոկտեմբերի 12-ին առաջին գոլերն էր խփել «Սենթրալ Քոսթ Մարիներսի» կազմում: «Մաքարտուր Վեստ Կոս Յունայթեդի» դեմ Ավստրալիայի առաջնության նախամրցաշրջանային խաղում ջամայկացի նախկին արագավազորդը դարձել էր դուբլի հեղինակ: 57-րդ րոպեին Բոլթն առաջին գոլն է խփել պրոֆեսիոնալ ֆուտբոլում, իսկ 11 րոպե անց աչքի է ընկել եւս մեկ անգամ: «Սենթրալ Քոսթ Մարիներսը» հաղթել էր 4:0 հաշվով, իսկ նախկին աթլետն առաջին անգամ հանդես է եկել մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում