16:42  ,  23 հունվարի, 2019

Գարի Լինեկերին դուր չի եկել Ռոնալդուի հրապարակումը (ֆոտո)

Անգլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, BBC Sport ու BT Sport հեռուստաընկերությունների մեկնաբան եւ փորձագետ Գարի Լինեկերը կարծում է, որ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սխալ է թույլ տվել՝ հրապարակելով լուսանկար ինքնաթիռից: Նախօրեին ֆուտբոլային հանրությունը միավորվել էր Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռի անհետացման առթիվ:

«Այդպիսի հրապարակման օրը չէ: Դա, իրոք, ճիշտ չէ»,- թվիթերյան էջում գրել է Լինեկերը:

Հիշեցնենք որ արգենտինացի հարձակվողին տեղափոխող ինքնաթիռն անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա: Որոնողական աշխատանքները շարունակվում են, ինքնաթիռի եւ ուղեւորների ճակատագրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն դեռ չկա:

Piper Malibu թեթեւ ինքնաթիռում Սալայից բացի եղել էր միայն օդաչուն: Նա Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո:

Ուելսյան ակումբը նախորդ շաբաթ էր պայմանագիր կնքել Էմիլիանո Սալայի հետ, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»: 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը (20,5 միլիոն եվրո) ռեկորդային է եղել «Կարդիֆի» համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում