10:40  ,  23 հունվարի, 2019

Australian Open. Սերենա Ուիլյամսը տուն է վերադառնում, Պլիշկովայի անհավանական «քամբեքը»

Կանանց աշխարհի 15-րդ ռակետ Սերենա Ուիլյամսը չկարողացավ հաղթահարել Մելբուրնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի արգելքը:

5-րդ շրջանում 37-ամյա ամերիկուհին 3 սեթում պարտվեց աշխարհի 8-րդ ռակետ, չեխ Կարոլինա Պլիշկովային՝ 4:6, 6:4, 5:7: Մրցախաղը տեւեց 2 ժամ 10 րոպե: Ընդ որում՝ երրորդ սեթում Սերենան հաղթում էր 5:1 հաշվով, սակայն Պլիշկովան դարձավ անհավանական «քամբեքի» հեղինակ:

Կիսաեզրափակիչում Կարոլինա Պլիշկովան կմրցի ճապոնացի Նաոմի Օսակայի հետ, որը 6:4, 6:1 հաշվով հաղթեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինային:

Հիշեցնենք, որ կանանց մենախաղի կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել էին չեխ Պետրա Կվիտովան ու ամերիկացի Դանիել Քոլինզը: Australian Open-ի չեմպիոնական տիտղոսն այս տարի չէր կարողացել պաշտպանել դանիացի Կարոլին Վոզնյացկին, որը երրորդ շրջանում պարտվել էր ռուս Մարիա Շարապովային: Նախորդ մրցաշարի եզրափակիչում Վոզնյացկին հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում