21:55  ,  22 հունվարի, 2019

Մարգարիտա Գասպարյան. AusOpen-ում ոչ լիարժեք մարզավիճակս խանգարեց

Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում ոչ լիարժեք մարզավիճակս խանգարեց հաղթել: Դեռ իմ լավագույն մարզավիճակում չեմ, բայց ճանապարհին եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց թենիսի Ռուսաստանի հավաքականի անդամ, Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում 92-րդ տեղը զբաղեցնող 24-ամյա Մարգարիտա Գասպարյանը:  Ավստրալիայի բաց առաջնությունում նա չկարողացավ հաղթահարել երկրորդ շրջանի արգելքը:

2016-ին Գասպարյանին հաջողվել էր տեղ զբաղեցնել WTA-ի դասակարգման աղյուսակի լավագույն 50-ի մեջ: Սակայն 2017-ին թենիսիստուհին ծնկահոդի 3 բարդ վիրահատություն տարավ վնասվածքից հետո եւ դուրս մնաց նաեւ լավագույն 100-ից:

Գասպարյանը կորտ վերադարձավ 2017-ի հոկտեմբերին՝ Կրեմլի գավաթի խաղարկությունում: Անհաջող փորձից հետո թենիսիստուհին հրաժարվեց 2018-ի Australian Open-ից: Սակայն նրան հաջողվեց նվաճել Տաշքենդում կայացած WTA շարքի մրցաշարի հաղթողի կոչումը եւ տարին ավարտել WTA աղյուսակում 92-րդ տեղում:

Մարգարիտա, վնասվածքից հետո երկար ժամանակ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի չէիք մասնացել: Ի՞նչ տպավորություններով անցկացրիք Australian open-ը եւ ինչպե՞ս կգնահատեք Ձեր մասնակցությունը:

Շատ եմ սիրում Ավստրալիայի բաց առաջնությունը եւ ուրախ էի նորից վերադառնալ այս մրցաշար: Արդյունքներն, իհարկե, գոհացնող չէին, բայց հիանալի տպավորություններ ստացա մրցաշարից:

Առաջին շրջանում պարտության մատնեցիք չինացի ՉԺու Լինին: Ի՞նչ կասեք այդ հանդիպման մասին:

Դժվար խաղ ստացվեց: Բարդ պայքարում հաղթեցի: Ինձ համար այս հանդիպումն իսկապես բարդ էր, քանի որ տարվա առաջին խաղս էր:

Երկրորդ շրջանում պարտվեցիք աշխարհի 14-րդ ռակետ, բելգիացի Էլիզե Մերտենսին: Ի՞նչը չբավարարեց երկրորդ շրջանը հաղթահարելու համար:

Մերտենսին պարտվեցի 1:6, 5:7 հաշվով եւ չկարողացա դուրս գալ հաջորդ շրջան: Էլիզե Մերտենսը շատ բարդ մրցակից է: Կարծում եմ՝ ինձ խանգարեց ոչ լիարժեք մարզավիճակս: Այս խաղին ես մոտեցա ոչ իմ լավագույն մարզավիճակում:  

Մարգարիտա, ծանր վնասվածքից հետո ի՞նչ փոփոխություններ եք կատարել Ձեր խաղաոճում:

Այժմ վստահ կարող եմ ասել, որ լիարժեք վերականգնվել եմ ծնկիս վնասվածքից եւ 3 վիրահատությունից հետո: Ամեն ինչ նորմալ է, եւ ինձ ոչինչ չի խանգարում: Խաղաոճի փոփոխություն չի եղել: Այժմ աշխատում ենք որոշ դետալների վրա, բայց ընդհանուր խաղաոճս նույնն է:

Ինչպիսի՞ն է այժմ Ձեր մարզավիճակը եւ որքա՞ն ժամանակ է հարկավոր նախկին մարզավիճակին վերադառնալու համար:

Մարզավիճակս նորմալ է, բայց սա դեռ իմ լավագույ մարզավիճակը չէ: Պետք է շատ աշխատեմ, երկար մարզումներ ու մրցաշարերի մասնակցություններ են պետք, որպեսզի հասնեմ իմ լավագույն մարզավիճակին: Ամեն դեպքում՝ ես ճիշտ ուղու վրա եմ եւ այս տեմպերով շուտով կվերականգնեմ իմ նախկին լավագույն մարզավիճակը: 

Վնասվածքից հետո Շամիլ Տարպիշչեւի կողմից հրավիրվել եք հավաքական:

Այո, արդեն հրավիրվել եմ եւ շուտով մասնակցելու եմ Ֆեդերացիայի գավաթի խաղարկությանը:

Իսկ ո՞րն է լինելու հաջորդ մրցաշարը:

Այժմ նախապատրաստվում եմ St.Petersburg Ladies Trophy 2019 միջազգային մրցաշարին, որը տեղի է հունվարի 26-ից փետրվարի 3-ը Պետերբուրգում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով