17:41  ,  22 հունվարի, 2019

Աբայանի գոլը, Պաչաջյանի գոլային փոխանցումը, Ադամյանը խաղացել է «Ռեգենսբուրգում», Համբարձումյանը՝ Կիպրոսում

Իտալական Սերիա Դ-ի 20-րդ տուրում «Չիտանովեզեն» տանը 3:2 հաշվով հաղթել է «Բարիին»: Դաշտի տերերի կազմում առաջին գոլը խփել է 29-ամյա արգենտինահայ հարձակվող Գվիդո Աբայանը, որը նախկինում հանդես է եկել Չիլիի, Ուրուգվայի, Արգենտինայի եւ Բուլղարիայի առաջնություններում:

Շվեդական «Լինչեպինգ Սիթին» ստուգողական խաղում պարտվել է «Էրեբրուին»՝ 2:4: «Լինչեպինգի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանը, որը խաղացել է 50 րոպե:

Կիպրոսի առաջնության 17-րդ տուրում «Էնոսիսը» հյուրընկալվել է «Անորտոսիսին» եւ պարտվել 0:2 հաշվով: Հյուրերի կազմում 68 րոպե անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:

Գերմանական «Յան Ռեգենսբուրգը» ստուգողական հանդիպումներ է անցկացրել «Վյուրցբուրգերի» եւ «Սոնենհոֆի» հետ: Երկու խաղերում է «Յան Ռեգենսբուրգը» հաղթել է նվազագույն հաշվով: Երկու հանդիպումներում էլ մեկական խաղակեսի է մասնակցել  Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում