22:10  ,  21 հունվարի, 2019

Առուստամյան. Գատուզոն մինչեւ ուշ գիշեր հայկական կոնյակ էր խմում

Ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը պատմել է «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան, այժմ «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Ջենարո Գատուզոյի հետ իր ծանոթության մասին:

«Երեւանում կազմակերպում էին հանդիպում Խորեն Հովհաննիսյանի պատվին՝ Խորհրդային Միության հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի: Ինձ խնդրեցին օգնել եվրոպացի աստղերի հարցում, մենք բերեցինք Մատերացիին եւ Գատուզոյին:

Նրանք ժամանեցին Երեւան: Մատերացին տիեզերքում էր, Գատուզոն՝ նախկինի նման հասարակ: Ինձ հետո պատմում էին ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստները. «Սովորաբար, վետերանների հանդիպումներում բախումներ չեն լինում: Փոխանցում են տալիս, եւ դու վստահ ես, որ ոչ ոք չի գրոհի: Բայց մեկ էլ հայտնվում է Գատուզոն եւ սկսում պոկել գնդակը ոտքերիդ հետ»:

Իսկ խաղից հետո Գատուզոն նստեց բոլորի հետ եւ հայկական կոնյակ խմեց մինչեւ գիշեր, ժամը երեքը: Նա շատ հավանեց: Մենք հետո նրան մի քանի շիշ ուղարկեցինք Միլան: Նրանք «Բանանցի» սեփականատեր Ջեւան Չելոյանցի հետ երկար բանավիճում էին համաշխարհային եւ ռուսական ֆուտբոլի մասին: Պարզապես պատկերացրեք տեսարանը. Նստած է Գատուզոն ինչ-որ Երեւանում, խմում է ինչ-որ կոնյակ անծանոթ միջավայրում»,- Առուստամյանի խոսքը մեջբերում է sports.ru-ն:

Հիշեցնենք, որ Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակին նվիրված այդ հանդիպումը տեղի է ունեցել 2015-ին եւ ավարտվել 3:3 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում