14:40  ,  21 հունվարի, 2019

Աշոցքում անցկացվելիք դահուկային փառատոնի մանրամասները

Դահուկային սպորտը Հայաստանում ոչ պատշաճ պետական հոգացության ներքո է: Մեր միջոցներով եւ տարբեր աջակցություններով փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի մարզաձեւը Հայաստանում զարգանա: Այդպես, օրինակ, Աշոցքում բացվող կենտրոնը հավակնում է դառնալ դահուկային սպորտի ակադեմիա:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Հունվարի 26-27-ն Աշոցքում կանցկացվի դահուկային սպորտի փառատոն, որի շրջանակում կբացվի նորակառույց դահուկային կենտրոն, տեղի կունենա նաեւ դահուկավազքի սիրողական մրցաշար: Փառատոնն անցակցվում է Եվրոպական միության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

«Աշոցքը հավակնում է դառնալ միջազգային իրական դահուկային կենտրոն: Եվրոպական միության աջակցությամբ անցյալ տարի մեկնարկ տվեցինք Հայաստանում դահուկային կենտրոն ստեղծելու գաղափարին: Շուրջ 2,5 ամսում Աշոցքում կառուցվեց դահուկային կենտրոն՝ իր բոլոր հարմարություններով՝ մարզումների, հանգստի, կացության, սննդի սրահներով: Այս պահին 14-15 մարդու տեղ ունենք, բայց հետագայում կացության սենյակները կավելացնենք: Կենտրոնի կառուցման ընդհանուր բյուջեն կազմեց շուրջ 31 միլիոն դրամ: Հունվարի 26-ին տեղի կունենա կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը, որից հետո երկու օր Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան Եվրամիության գրասենյակի հետ համատեղ դահուկի սիրահարներին կնվիրի երկու անմոռանակի, սպորտային օր:

Կլինեն մարզումներ, միջոցառումներ եւ սիրողական մրցաշար: Մրցաշարին մասնակցելու են ոչ պրոֆեսիոնալները: Կանայք կմրցեն 1 կմ, տղամարդիկ 2 կմ մրցատարածություններում: Երեխաների համար կանցկացնենք միչեւ 12 տարեկանների մրցաշար: Ձեւաչափով հետաքրքիր մրցաշար է եւ այստեղ կարող են մասնակցել տարբեր տարիքի, մասնագիտության մարդիկ: Չնայած մրցաշարը ոչ պրոֆեսիոնալ է, բայց ներկա կլինեն նաեւ հավաքականի անդամները, որոնք բոլոր ցանկացողներին կսովորեցնեն դահուկի վրա կանգնել, սահել: Մարզագույք կտրամադրվի անվճար, բայց, սահմանափակ է եւ գուցե առաջին 30-40 մասնակցին բաժին հասնի մարզագույք, քանի որ մեծ քանակությամբ մարզագույք չունենք: Շատերն են արդեն հետաքրքրված այս փառատոնով, օրինակ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը: Հնարավոր ամեն ինչ անելու ենք, որ Աշոցքը դառնա դահուկային սպորտի կենտրոն: Կան բոլոր պայմանները, որ այստեղ Հայաստանի հավաքականը ուսումնամարզական հավաքներ անցկանցի: Հնարավոր է նաեւ հետագայում ընդունենք տարբեր երկրների հավաքականներին՝ ուսումնամարզական հավաքի: Մեր մարզաձեւն, իրականում, ոչ պատշաճ պետական հոգացության ներքո է: Մեր մարզաձեւում ամեն ինչ շատ թանկ է՝ սկսած մարզագույքից: Ամեն ինչ վճարում ենք մեր անձնական միջոցներով, քանի որ ֆեդերացիայի պետական աջակցությունը շատ քիչ է: Այս կենտրոնը հավակնում է դառնալ դահուկային սպորտի ակադեմիա»,- ասաց Գագիկ Սարգսյանը:

Ասուլիսին ներկա էր նաեւ Եվրոպական միության հայաստանյան գրասենյակի մշակութային բաժնի համակարգող Վարդուհի Սարգսյանը, որի խոսքով՝ դահուկային փառատոնում հանդես է գալու անձամբ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ մասնակցելով սիրողական մրցաշարին:

«Մասնակիցները կբաժանվեն երկու խմբի՝ դահուկորդներ եւ սկսնակ դահուկորդներ: Խրախուսում ենք ընտանիքների մասնակցությունը: Դեսպան Սվիտալսկին մասնակցելու է մրցաշարին, երկու օրերին էլ նա կլինի Աշոցքում: Նա նույնպես կսահի: Լինելու են նաեւ մրցանակներ: Ակնկալում ենք մասնակցություն դիվանագիտական կորպուսից, կհրավիրենք նաեւ կառավարության ներկայացուցիչներին»,- նշեց Վարդուհի Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում