09:45  ,  21 հունվարի, 2019

Սլավիկ Հայրապետյան. Մրցումների համազգեստի ծախսը հոգում են ծնողներս

Երբ կունենանք միջազգային կարգի մրցավարներ եւ հովանավորներ, այդ ժամանակ նոր Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում բարձր արդյունքներ կգրանցենք: Ֆեդերացիայի բյուջեն բավարարում է միայն մարզիկերին մրցաշարերի տանելուն, իսկ մնացած ամեն ինչը ծնողներիս ուսերին է՝ մինչեւ անգամ համազգեստ կարելը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեղասահքի տղամարդկանց Հայաստանի հավաքականի առաջատար, միջազգային մրցահարթակում Հայաստանը ներկայացնող միակ մենասահորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանը:

Հունվարի 21-27-ը Մինսկում կայանալիք գեղասահքի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ Սլավիկ Հայրապետյան եւ Անաստասիա Գալուստյան: Օրերս Լեհաստանում կայացած Mentor Toruń Cup 2019 մրցաշարում Սլավիկ Հայրապետյանը 177.09 միավորով 6-րդ տեղն էր զբաղեցրել: Կարծ ծրագրից հետո հայ մարզիկը 10-րդ տեղում էր, սակայն ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը եւ հայտնվել 6-րդ տեղում:

Սլավիկ Հայրապետյանը Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվում է Երեւանում: Նա 5-րդ անգամ ուժերը կփորձի Եվրոպայի առաջնությունում: 2018 թվականին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում Սլավիկ Հայրապետյանը գրավել էր 15-րդ տեղը: Կարճ ծրագրում հայ մարզիկը 14-րդն էր, իսկ ազատ ծրագրում՝ 16-րդը:

Սլավիկ, պատրա՞ստ ես Եվրոպայի առաջնությունը: Ի՞նչ նախապատրաստական փուլ ես անցել:

Պատրաստ եմ: Մարզավիճակս գնահատում եմ լավ: Ամբողջ նախապատրաստական փուլն անցել եմ Երեւանում՝ Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում: Եվրոպայի առաջնությունից առաջ Լեհաստանում հունվարի 10-12-ը մասնակցեցի միջազգային մրցաշարի: Սա փորձամրցում էր Եվրոպայի առաջնությունից առաջ, որպեսզի հասկանանք, թե ինչ թերություններ կան: Եվ հասկացանք, որ պետք է շատ աշխատել կարճ ծրագրի վրա: Լեհաստանից վերադարձել ենք հունվարի 15-ին եւ սկսել Եվրոպայի առաջնության մարզումային վերջին փուլը, աշխատել կոնկրետ սխալների եւ թերացումների շտկման վրա: Այստեղ վերջին փուլում Մոսկվայից մեզ միացավ նաեւ իմ պարուսույց Եկատերինա Պրոսկուրիան, որն ինձ մշտապես օգնում է կարեւորագույն մրցաշարերից առաջ:

Եվրոպայի առաջնությունում ի՞նչ փոփոխություններ կտեսնենք քո ծրագրերում, տեխնիկայում:

Փոփոխություններ ծրագրերումս չկան: Հանդես եմ գալու այն նույն ծրագրերով, որոնցով ներկայացա այս մրցաշրջանի սկզբում: Կարճ ծրագիրը կներկայացնեմ Անդրեա Բոչելլիի Caruso երգի ներքո, իսկ ազատ ծրագիրը՝ Վիգ Զարտմանի God Bless Armenia երաժշտության ներքո:

Սովորաբար, ծրագրերիդ երաժշտության ընտրությունն ու՞մ կողմից է կատարվում: Ովքե՞ր են ծրագրերիդ բեմադրիչները:

Ծրագրերիս երաժշտության ընտրությունը կատարվում է մարզչական անձնակազմով: Այս ծրագրերը, որոնցով հանդես եմ գալու Եվրոպայի առաջնությունում, բեմադրել է պարուսույց Եկատերինա Պրոսկուրիան ինձ հետ միասին: Ինչպես արդեն ասացի, նա իմ պարուսույցն է սառույցի վրա:

Այս պահին ովքե՞ր են մարզիչներդ, ո՞ւմ հետ ես աշխատում:

Մարզիչներս են հայրս է՝ Սամվել Հայրապետյանը եւ 1994թ. օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Ուրմանովը:

Ի՞նչ ակնկալիքներ ունես Եվրոպայի առաջնությունից: Ինչպե՞ս կգնահատես հնարավորություններդ:

Արդյունքների մասին չեմ մտածում: Չեմ սիրում ժամանակից առաջ ընկնել: Նպատակս, նախեւառաջ, բոլոր էլեմենտների մաքուր կատարումն է:

Սլավիկ, Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 29 երկրների 37 մասնակիցներ: Ո՞ր երկրների ներկայացուցիչներն են ֆավորիտներ՝ ըստ քեզ:

Մասնակիցների մասին ոչինչ չեմ ցանկանում ասել: Միայն կնշեմ, որ թույլ մասնակից Եվրոպայի առաջնությունում չկա, իսկ ֆավորիտները շատ են:

Քո կարծիքով՝ հայկական գեղասահքում ի՞նչն է պակասում մրցանակային տեղեր գրավելու, խոշոր մրցաշարերում մեդալ նվաճելու համար:

Մենք ունենք միջազգային մրցավարների եւ հովանավորների խնդիր: Եթե ունենանք մրցավարներ եւ հովանավորներ, արդյունքներն էլ բարձր կլինեն: Այսքանը կասեմ եւ ոչ ավելին:

Անդրադառնանք նաեւ հագուստներիդ ընտրությանը: Ո՞վ է ընտրում համազգեստդ, ինչի՞ վրա է շեշտադրությունը դրվում եւ ու՞մ կողմից է ֆինանսավորվում համազգեստիդ ստեղծումը:

Իմ հագուստները կարվում են հատուկ ինձ համար՝ իմ ծրագրերին համապատասխան: Երբ դրվում է ծրագիրը կամ դնելու փուլում է, սկսում ենք մտածել արդեն հագուստիս մասին: Դիմում ենք համապատասխան մասնագետների, նկարագրում մեր ցանկությունը, ներկայացնում ենք նաեւ երաժշտությունը եւ մեզ առաջարկված տարբերակներից ընտրում մեկը եւ արդեն սկսվում է կարելու փուլը: Այս շրջանում համագործակցում ենք դիզայներ Արամ Նիկոլյանի հետ. արդեն շուրջ 2 տարի է: Իսկ նրանից առաջ իմ հագուստներն ամբողջությամբ պատրաստվել են Մոսկվայում: Իսկ ինչ վերաբերում է հագուստներիս ֆինանսական ծախսերին, ամենը հոգում են ծնողներս:

Բայց Հայաստանի հավաքականի անդամի մրցելույթի համար նախատեսված համազգեստը ֆեդերացիայի ֆինանսական «հոգսը» չէ՞:

Ամեն ինչ պետք է լինի ֆեդերացիայի եւ պետության վրա: Բայց մեր ֆեդերացիայի բյուջեն միայն բավարարում է մարզիկներին միջազգային մրցումների տանելուն: Մնացած ամեն ինչն իմ ծնողների վրա է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով