19:07  ,  20 հունվարի, 2019

Մարիա Գեւորգյանը՝ երրորդ անգամ Հայաստանի չեմպիոն դառնալու մասին (ֆոտո)

Այս շրջանում իմ կյանքում տեղի ունեցան երկու կարեւորագույն իրադարձություններ, որոնցից մեկը Հայաստանի չեմպիոնությունն էր: Մյուսը դեռ չեմ բացահայտի, կապված է ընտանիքիս հետ, բայց, վստահեցնում եմ, չեմ ամուսնացել:

Լրագրողների հետ զրույցում այսպես կատակեց շախմատի կանանց Հայաստանի 74-րդ առաջնության հաղթող Մարիա Գեւորգյանը, որն արդեն երրորդ անգամ է հռչակվում Հայաստանի չեմպիոն: Գեւորգյանը նման հաջողության հասել էր նաեւ 2016 եւ 2017 թվականներին: Հայաստանի առաջնությունում նա չեմպիոնի տիտղոսն ապահովել էր նախավերջին՝ 8-րդ տուրում:

«Գուցե կողքից թվա, թե ամեն ինչ հեշտ ստացվեց եւ հեշտ նվաճեցի չեմպիոնի կոչումը, բայց, իրականում, այդպես չէ: Առաջնությունը շատ լարված անցավ: Առաջին պարտիայից հետո հասկացա, որ կարող եմ հաղթել, շատ բարդ ստացվեց հենց առաջին պարտիան: Խաղում էի Աստղիկ Հակոբյանի հետ: Հաղթանակի հասա, բայց շուրջ երկու ամիս դասական շախմատ չէի խաղացել, այդ պատճառով դժվար ստացվեց: Առաջին պարտիայից հետո արդեն ամեն ինչ լավ էր: Այս տարի պայքարում չէր 2018 թվականի չեմպիոն Մարիա Կուրսովան, բայց չեմ կարծում, որ նրա մասնակցությունն ու նրա հետ խաղալն այս մրցաշարում արդեն ինչ-որ բան կփոխեր: Բայց միանշանակ է, որ Մարիա Կուրսովան այն մրցակիցներից է, որի հետ խաղալը շատ բարդ է»,- ասաց Մարիա Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ 2018թ. կանանց Հայաստանի չեմպիոն Մարիա Կուրսովան առողջական խնդիրների պատճառով առաջնության ընթացքում հրաժարվել էր պայքարից: Կուրսովայի մասնակցությամբ պարտիաների արդյունքները հաշվի չեն առնվել:

Կանանց Հայաստանի 74-րդ առաջնությունը կավարտվի հունվարի 20-ին:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում