14:19  ,  18 հունվարի, 2019

Վալվերդե. «Բարսելոնան» գիտեր Մովիլյայի որակազրկման մասին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է որակազրկված ֆուտբոլիստին խաղացնելու վերաբերյալ միջադեպը: Նախօրեին հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբին որակազրկում է սպառնում Իսպանիայի գավաթի խաղարկությունում: «Լեւանտեի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է որակազրկված ֆուտբոլիստ: «Բարսելոնայի» երկրորդ թիմի խաղացող, իսպանացի պաշտպան Խուան Մովիլյան «Լեւանտեի» դեմ առաջին խաղում հանդես է եկել 58 րոպե: Նա որակազրկումը ստացել է երկրորդ թիմում ստացած դեղին քարտերի պատճառով եւ իրավունք չի ունեցել մասնակցել նաեւ գլխավոր թիմի հանդիպմանը:

«Ոչ մի կասկած չունենք Մովիլյայի շուրջ ստեղված իրավիճակի վերաբերյալ: Մեզ պետք է թույլ տան մասնակցել վիճակահանությանը, քանի որ ամեն ինչ արել ենք օրենքի սահմանում:

Մենք շատ լավ գիտեինք խաղացողի որակազրկման մասին: Գիտեինք, որ նա չէ կարող մասնակցել «Էյբարի» հետ հանդիպմանը, սակայն կարող էր խաղալ «Լեւանտեի» դեմ»,- մարզիչի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» «Լեւանտեին» պարտվել էր 1:2 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում խփեց 3 անպատասխան գոլ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Ավելի վաղ «Լեւանտեի» նախագահ Կիկո Կատալանը հայտարարել էր, որ ակումբը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային բողոք կներկայացնի «Բարսելոնայի» դեմ:

2015թ. դեկտեմբերին Մադրիդի «Ռեալը» որակազրկվել էր Իսպանիայի գավաթի խաղարկությունից կիսապաշտպան Դենիս Չերիշեւի մասնակցության համար: Նա դեղին քարտերի քանակի պատճառով էր որակազրկված եղել եւ իրավունք չէր ունեցել մասնակցել «Կադիսի» դեմ 1/16 եզրափակիչի առաջին հանդիպմանը (3:1):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս