17:50  ,  17 հունվարի, 2019

«Արսենալը» բանակցում է «Բավարիայի» հետ Խամես Ռոդրիգեսի տեղափոխության հարցով

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հաստատել է, որ Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, հաղորդում է գերմանական Bild-ը:

Անգլիական ակումբը ցանկանում է վարձակալել ֆուտբոլիստին այս ամիս: «Բավարիան» Մադրիդի «Ռեալին» Խամես Ռոդրիգեսի տարեկան վարձակալության համար վճարում է մոտ 7 միլիոն եվրո: Նույնքան գումար է այժմ պահանջում գերմանական ակումբն «Արսենալից»:

Սպասվում է, որ այս ամիս «Արսենալից» կհեռանա գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, եւ Խամես Ռոդրիգեսը դիտարկվում է փոխարինող:

Ռոդրիգեսը «Բավարիա» է տեղափոխվել 2017թ. ամռանը: Պայմանագրում ամրագրված է, որ «Բավարիան» 42 միլիոն եվրոյով կարող է ձեռք բերել Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում