14:12  ,  17 հունվարի, 2019

Էմիլ Եղիազարյան. Հայաստանում հեռանկարային ֆուտբոլիստները շատ են

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնության ամենագեղեցիկ գոլերից մեկը խփել է Երեւանի «Արցախի» կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը: Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն «Արցախի» առանցքային խաղացողներից է:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 21-ամյա Եղիազարյանը խոսեց երիտասարդական հավաքականի ելույթների, «Արցախի» սեփականատիրոջ փոփոխության ու իր գեղեցիկ գոլի մասին:

Ամանորյա արձակուրդից հետո ի՞նչ վիճակում է թիմը:

Ընդհանուր առմամբ, բոլոր խաղացողները նորմալ վիճակում են: Հունվարի 7-ից սկսել ենք մարզումները եւ, օրական անցկացնելով 2 մարզում, բարելավում ֆունկցիոնալ վիճակը:

Բարձրագույն խմբի աշնանային հատվածից հետո «Արցախը» վերջին տեղում է:  Առաջնության երկրորդ հատվածում ի՞նչ խնդիրներ են դրվել թիմի առջեւ:

Այո, մենք վերջին տեղում ենք, սակայն պետք է նշեմ, որ մեր բոլոր հանդիպումներում ցուցադրել ենք պատվախնդիր ֆուտբոլ: Եղան խաղեր, որտեղ մարզական բախտը մեր կողմը չէր: Նայում ենք միայն առաջ, եւ առաջնության երկրորդ հատվածում կփորձենք հնարավորինս բարելավել մեր դիրքը մրցաշարային աղյուսակում:

Ակումբի նոր սեփականատիրոջ գալով ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել «Արցախում»:

Մարզումային առումով ամեն ինչ նույնն է, աշխատում ենք նույն ոգով ու նվիրվածությամբ, ինչպես ամիսներ առաջ էր: Ակումբի նոր սեփականատերն ունի հեռանկարային ծրագրեր, որոնք իրականացնելու դեպքում ամեն ինչ շատ լավ կլինի:

Դու Հայաստանի ընթացիկ առաջնության ամենատպավորիչ գոլերից մեկի հեղինակն ես: Կարե՞լի է ասել, որ դա քո խփած ամենագեղեցիկ գոլն էր:

Կարելի է այդպես ասել, բայց հուսով եմ, որ դեռ շատ գեղեցիկ գոլեր եմ հեղինակելու: Կփորձեմ իմ գոլերով ուրախացնել «Արցախի» բոլոր երկրպագուներին:

Դու 9 հանդիպում ես անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում: Արդյո՞ք միջազգային խաղերի փորձը զգալ տալիս է Հայաստանի առաջնության հանդիումներում:

Իհարկե, հավաքականի համազգեստով ցանկացած հանդիպում օգնում է որպես ֆուտբոլիստ ավելի կայանալ ու ավելի լավ հասկանալ, թե ինչ է մեծ ֆուտբոլը:

Նախորդ տարի դու Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեցիր Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլին, որում հայկական թիմն ունեցավ մի քանի լավ հանդիպումներ, սակայն շատ հեռու էր հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուց: Ըստ քեզ՝ մյուս երկրների պատանեկան ու երիտասարդական թիմերն առաջին հերթին ինչո՞վ են գերազանցում մեզ:

Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ շատ լավ սկսեցինք ընտրական փուլը եւ ունեցանք 4-խաղյա անպարտելի շարք, սակայն մեզ չհաջողվեց բարելավել արդյունքները: Կարծում եմ՝ գլխավոր պատճառներից էր, որ երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներից շատերը չէին խաղում իրենց ակումբների գլխավոր թիմերում, այլ հանդես էին գալիս Առաջին խմբում: Իսկ Առաջին խմբում խաղալով շատ բարդ է պատրաստվել միջազգային հանդիպումների: Կարծում եմ՝ մյուս երկրների խաղացողների կարեւոր առավելությունն այն էր, որ հանդես են գալիս ավելի ուժեղ առաջնություններում:

Շատ է խոսվում, որ Հայաստանի առաջնությունը դարձել է ավելի հետաքրքիր: Ըստ քեզ՝ դա կապված է միայն թիմերի քանակի ավելացման հետ, թե նաեւ ֆուտբոլի որակն է աճել:

Այս տարվա առաջնությունը նախորդներից առանձնանում է դրական կողմերով: Հուսով եմ, որ մեր առաջնությունը տարեցտարի ավելի կուժեղանա, եւ մենք էլ թիմեր կունենանք եվրագավաթների խմբային փուլերում:

Բարձրագույն խմբի թիմերից ամենաքիչ լեգեոնականներն ունի «Արցախը»: Հայաստանում հանդես եկող լեգեոնականների եւ տեղացի խաղացողների խաղամակարդակների տարբերությունը մե՞ծ է:

Չէի ասի, որ տարբերությունը մեծ է: Հայաստանում հեռանկարային ֆուտբոլիստները շատ են: Եթե հայկական ակումբներն ավելի շատ վստահեն տեղացի ֆուտբոլիստներին, դա կնպաստի ինչպես խաղացողներ աճին, այնպես էլ հայկական ֆուտբոլի զարգացմանը: Կարծում եմ՝ այդ դեպքում ավելի հաջող կսկսեն հանդես գալ նաեւ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները:

Ո՞ր երկրի առաջնությունում կցանկանայիր փորձել ուժերդ:

Ինձ դուր է գալիս իսպանական ֆուտբոլը: Հույս ունեմ, որ մի օր կհաջողվի հանդես գալ իսպանական որեւէ լավ ակումբում:

Դավիթ Եղիազարյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում