17:42  ,  11 հունվարի, 2019

ՀՇՖ փոխնախագահ. Կառավարությունը դադարեցրել է Արոնյանի եւ Սարգսյանի շախմատի դպրոցի ֆինանսավորումը (ֆոտո)

Կառավարությունը դադարեցրել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցների պետական ֆինանսավորումը, բայց ցանկալի կլիներ, որ պահպանվեր:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած շախմատի Հայաստանի տղամարդկանց 79-րդ եւ կանանց 74-րդ առաջնությունների բացման արարողությունից հետո:

Առաջնություններին կմասնակցի 20 շախմատիստ՝ 10 տղամարդ եւ 10 կին: Վիճակահանությամբ որոշվեց հունվարի 12-ին կայանալիք առաջին տուրի զույգերը:

«Մեր առաջնություններն ամբողջ աշխարհի համար դարձել են շատ գրավիչ, քանի որ հավասար մրցաշար է եւ հետաքրքիր է հետեւել, թե ով հաղթեց Հայաստանի առաջնություններում: Արդյունքներով ընտրվելու են երկու հավաքականների նոր անդամները. Հայաստանի չեմպիոնները կդառնան հավաքականի անդամներ, իսկ մրցանակային տեղեր զբաղեցնողները տղամարդկանց պայքարում հնարավորություն կստանան մասնակցել 2019 թվականի տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությանը: Կանանց պայքարում առաջին 5 տեղերը զբաղեցնողներին հնարավորություն կտրվի մասնակցել 2020 թվականի Հայաստանի 75-րդ առաջնությանը»,- առաջնության բացման խոսքում ասաց Սմբատ Լպուտյանը:

Ըստ միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանի,  Հայաստանի առաջնությունները ՖԻԴԵ-ի աղյուսակով 14-րդ կարգի է, միավորների միջին վարկանիշը 2577 միավոր է: Շրջանաձեւ մրցակարգով է անցկացվելու, 9 պարտիաներով, առանձ հանգստյան օրի:

«Հայաստանի առաջնության մասնակիցների գերխնդիրը լավ պարտիաներն են, դիրքերի պահպանումը եւ աշխատանքը: Օրինակ, ես շատ գոհ եմ նախորդ տարվա մեր կանանց հավաքականի օլիմպիադայի դիրքից, նրանք նույնիսկ կարող էին օլիմպիադայի չեմպիոն դառնալ, որը մեծ սենսացիա կլիներ շախմատի Հայաստանի պատմության եւ ամբողջ աշխարհի համար: Տղաների ելույթներն էլ էին լավը, եթե կարողանային պահպանել իրենց դիրքերը, վստահ, մրցանակակիր կդառնային: Շախմատում սերնդափոխություն է, նոր սերունդ է գալիս, ունենք լավ ներուժ եւ տարվա ընթացքում բարձրակարգ շախմատիստների կնկատենք: Այս տարի կմասնակցենք կանանց աշխարհի թիմային առաջնությանն ապրիլին, ապա տղամարդկանց Եվրոպայի թիմային առաջնությանը»,- նշեց Սմբատ Լպուտյանը:

NEWS.am Sport-ի հարցին, թե համապատասխանում է իրականությանն այն տեղեկությունը, որ դադարեցվել է Երեւանում գործող Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի դպրոցի պետական ֆինանսավորումը եւ ինչ պատճառաբանությամբ, Սմբատ Լպուտյանը խուսափեց պատասխանից, խնդրելով այդ հարցը տալ կառավարությանը:

«Այդ հարցադրումն ինձ չպետք է տալ. կառավարությունն է որոշում կայացնում: Այո, այդ դպրոցի պետական ֆինանսավորումը դադարեցվել է, բայց մարզումները եւ դասըթացները շարունակվում են: Այս կառույցները շատ կարեւոր են հայկական շախմատի համար եւ սպասում ենք ֆինանսավորողների դրսից, որպեսզի կարողանանք շարունակել աշխատանքները: Մեր լավ սաներից շատերն այդ դպրոցներից են, բարձր արդյունքներ են ցույց տալիս: Կառավարությունը գիտի այս խնդրի մասին, կարծում եմ՝ կլինի ինչ-որ որոշում մարզադպրոցների ֆինանսավորման հարցով: Ցանկալի կլինի, որ պահպանվեն դպրոցները»,- նկատեց Սմբատ Լպուտյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում