14:16  ,  9 հունվարի, 2019

«Միլանը» հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կարիերան շարունակել Իտալիայում:

Calciomercatoweb-ի համաձայն՝ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: Իտալական թիմի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ցանկանում է ուժեղացնել միջին օղակը, եւ ակումբի գլխավոր տնօրեն Լեոնարդոն արդեն զբաղվում է այդ հարցով: Աղբյուրը նշում է, որ Մխիթարյանն իդեալական տարբերակ է «Միլանի» համար:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից», եթե «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դենիս Սուարեսը տեղափոխվի լոնդոնյան ակումբ: Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին 2014/15թթ. մրցաշրջանում Դենիս Սուարեսի հետ աշխատել է իսպանական «Սեւիլիայում»: Իսպանացի մասնագետն անձամբ է շահագրգռված Սուարեսի տրանսֆերով եւ «Արսենալի» ղեկավարությանը կոչ է արել նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել ոտքի կոտրվածքից: Նա վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» միջեւ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 19-ին: Սպասվում է, որ հայ կիսապաշտպանը մարզումները կվերսկսի փետրվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում