18:46  ,  4 հունվարի, 2019

«Արսենալի» կիսապաշտպանը նախնական պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» հետ

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին ամռանը կդառնա Թուրինի «Յուվենտուսի» խաղացող: Կողմերը կնքել են նախնական պայմանագիր, հաղորդում է Sport Mediaset-ը:

Ուելսցի ֆուտբոլիստի պայմանագիրն «Արսենալի» հետ ավարտվում է ամռանը, եւ Ռեմզին անվճար կանցնի «Յուվենտուս»: Հունվարի 1-ից Ռեմզին ունի այլ ակումբների հետ բանակցելու իրավունք, քանի որ հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն անգլիական թիմի հետ:

Ռեմզիի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», Միլանի «Ինտերը» եւ Փարիզի ՊՍԺ-ն:

Ռեմզին «Արսենալում» է 2008 թվականից: 28-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում