14:26  ,  4 հունվարի, 2019

Հակոբ Սերոբյան. Սպորտային մարմնամարզության համար տարին գերազանց չէր, բայց լավ էր

Սպորտային մարմնամարզության համար մրցաշրջան-2018-ը մեդալային չէր, սակայն բարձր արդյունքներ ու հաջողություններ Հայաստանի հավաքականը գրանցեց: Անկախ Հայաստանի պատմության մեջ 4 մարմնամարզիկներ նվաճեցին աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգրեր: Նրանցից որեւէ մեկը մեդալ չնվաճեց, բայց օղակների վարժությունում Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն Արթուր Թովմասյանը զբաղեցրեց 4-րդ տեղը, մի քանի միավորով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը զիջելով Իտալիայի ներկայացուցչին: Արթուր Թովմասյանի հաջող մասնակցությունն աշխարհի առաջնությունում տարեվերջում գնահատեցին միայն «Տարվա 10 լավագույն» մարզիկների քվեարկությանը մասնակից մասնագետներն ու մարզական լրագրողները, ինչի արդյունքում Արթուր Թովմասյանը տեղ գտավ լավագույն տասնյակում: Սակայն, ընդգրկվելով լավագույն տասնյակում, մարմնամարզիկին չպարգեւատրեց ոչ Սպորտի նախարարությունը, ոչ էլ ՀԱՕԿ-ը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը NEWS.am Sport-ի համար ամփոփեց մրցաշրջան-2018-ը:

Մրցաշրջան-2018

Սպորտային մարմնամարզության համար տարին գերազանց չէր, բայց ընդհանուր՝ լավ էր: Սկիզբը վատ ստացվեց. Եվրոպայի առաջնությունից վերադարձանք առանց մեդալների: Հաջորդող մրցաշարերում, սակայն, անակնկալներ եղան, սպասվածից ավելի լավ մասնակցություններ ունեցանք,բայց կրին առանց մեդալների: Այս տարի ստացվեց այնպես, որ շատ մոտ էինք մեդալների, բայց բավարարվեցինք 4-րդ տեղերով: Ինձ համար կարեւորն այն է, որ հավակնում ենք մեդալների: Հուսով եմ, որ հաջորդ տարում ամեն ինչ կանենք եւ մեդալներ կնվաճենք:

Տարվա ընթացքում ինձ շատ ուրախացրեց Արթուր Դավթյանը: Նա շատ լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: Արթուր Դավթյանն իսկական մարմնամարզիկ է, նա դա ապացուցեց աշխարհի առաջնությունում, բազմամարտում դուրս գալով եզրափակիչ եւ 9-րդ տեղ գրավելով: Շատ եմ ուրախացել նրա այս հաջողության համար, քանի որ բացառիկ էր մեր ավագ սերնդի օլիմպիական եւ աշխարհի չեմպիոնների նվաճումներից հետո: Իսկ իր հիմնական գործիքի վրա՝ հենացատկում եզրափակիչ դուրս եկավ 3-րդ տեղով, միայն թե ափսոսում եմ, որ մեդալ չնվաճեց: Իսկական մարմնամարզիկն, իմ կարծիքով հենց այսպես պետք է լինի՝ աշխատի միանգամից 6 գործիքի վրա, տանի թիմը: Արթուր Դավթյանը Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգրի մեր իրական հավակնորդն է:

Արթուր Թովմասյանն իր մարզական կարիերայում բացառիկ արդյունք ցույց տվեց այս տարի՝ աշխարհի առաջնության 4-րդ տեղ զբաղեցնելով: Նա երրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ եւ ես լիարժեք հույս ունեի, որ նա մեդալ է նվաճելու: Նրա ուժերը լիարժեք բավարարում էր, որ նույնիսկ երկրորդ տեղ զբաղեցներ, բայց շատ թեթեւ վրիպումով ավարտեց 4-րդ տեղով: Լավ չի, ցավալի է, որ մեդալ չնվաճեց, բայց սպորտային մարմնամարզությունում աշխարհի առաջնության 4-րդ տեղն իսկապես մեծ արդյունք է: Մեր սպորտային ղեկավարությունն առաջադրանք է դրել մեդալներ, գնահատվում է միայն մեդալները, ինչեւէ որպես մասնագետ ուզում եմ նշել, որ մարմնամարզությունում առանձին գործիքով եզրափակիչ դուրս գալն ու 4-րդ տեղը զբաղեցնելը շատ բարձր արդյունք է եւ մեդալին հավասարազոր: Ամեն դեպքում մեդալի բացակայության մեղավորությունը մարզիկներինն է, ես ինքս էլ նրանց ասել եմ, թող ձգտեն մեդալ նվաճեն: Արթուր Թովմասյանը 10 լավագույնի մեջ մտավ, ուրախ եմ, որ գնահատվեց: Հիմնականում շատ ուրախ եմ, որ մասնագետները գնահատեցին Արթուր Թովմասյանի աշխատանքը: Վստահ եմ, որ 2019 թվականին ավելի շատ կաշխատի, սխալները կշտկի եւ մեդալներ կնվաճի:

Հարություն Մերդինյանը վաստակաշատ տղա է: Լինում են մարզիկներ, որ մի բարձր արդյունք են ցույց տալիս եւ կորում: Նա եզակի մարզիկներից է անկախ Հայաստանի պատմության մեջ, որ չի բավարարվում մի արդյունքով՝ 3 անգամ Եվրոպայի մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի մեդալակիր, աշխարհի գավաթի եռակի հաղթող: Նա մեծ վաստակ ունի: Այս տարի նրան խորհուրդ տվեցի շատ չծանրաբեռնվել մարզումներով, քանի որ ունի ողնաշարի 3 ճողվածք: Ինձ համար կարեւորը նրա առողջությունն է: Եվրոպայի առաջնությունում նա գերհոգնած էր ու չկարողացավ իր հնարավորությունների չափով հանդես գալ: Ես նրան լիարժեք հասկացա, բացի այդ 34 տարեկան է արդեն: Բայց աշխարհի առաջնությունից հետո աշխարհի գավաթի խաղարկության մասնակցեց ավելի բարդ վարժությամբ: Եվրոպայի ու աշխարհի առաջնությունից հետո մի փոքր հուսալքվել էի եւ կարծում էի, որ նա կհրաժարվի հետագա պայքարից, բայց աշխարհի գավաթից հետո հույս ծագեց: Ես մի պահ նույնիսկ կասկածում էի, որ կկարողանա բարդ վարժություն անել, ու նա ապացուցեց, որ կարող է: Զգում եմ, որ ցանկությունը մեծ է՝ Օլիմպիական խաղերում եւս մեկ անգամ ուժերը փորձել, եւ ես որպես մարզիչ, ամեն ինչ կանեմ նրան օգնելու, այս շրջափուլն էլ անցնելու համար: Հարություն Մերդինյանի մեդալային հավաքածուից պակասում է միայն օլիմպիական մեդալը եւ շատ կուզեմ, որ նրան չխանգարեն վնասվածքները եւ լրացնի իր հավաքածուն:

Վահագն Դավթյանը 2018-ի մեր ամենակայուն մարզիկն էր: Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում շատ հաջող հանդես եկավ, երկու տեղում էլ եզրափակիչներ դուրս եկավ, բայց ավելին նրանից չէինք կարող պահանջել: Այս տարվա նրա հաջողությունները նրա հնարավորությունների սահմանում էր եւ ավելին անել նա չէր կարող: Մեդալային պայքարի մեջ մտնելու համար պետք է նրա վարժությունը բարդացնենք: Վահագն Դավթյանն ունի ուսի մկանային թելերի կտրվածքներ, այժմ նա հանգստանում է, վնասվածքը վերականգնում, որից հետո կաշխատենք նրա վարժության վրա եւ կբարդացնենք, որպեսզի կարողանա նաեւ ուժերը փորձել մեդալի համար պայքարում:

Այս տարի ինձ հատկապես շատ ուրախացրեցին երիտասարդները: Եվրոպայի առաջնությունում Գագիկ Խաչիկյանը բրոնզե մեդալ նվաճեց եւ օրերս Հայաստանի սպորտի նախարարության կողմից միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում ստացավ:

Նախաօլիմպիական 2019-ը

Մարտի 7-10-ը կանցկացնենք Հայաստանի առաջնությունը, որտեղ կորոշվի Եվրոպայի առաջնության կազմը՝ 6 մասնակից: Մարտի 18-24-ը Դոհայում կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկության, որը վարկանիշային է եւ շատ կարեւոր: Ապա կմեկնենք Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի, որտեղից ապրիլի 7-ին կմեկնենք Լեհաստան՝ Եվրոպայի առաջնության: Եվրոպայի առաջնությունում կորոշվի, թե ով է մեկնելու Եվրոպական խաղեր, որին հրավիրված եմ որպես մրցավար: Չեմ կարող ասել, թե ինչ արդյունքներ կունենանք, մրցումները ցույց կտան: Դրանից հետո կշարունակենք մասնակցել մրցաշարերի ու կնախապատրաստվենք տարվա ամենագլխավոր իրադարձությանը՝ աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկելու են Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի ուղեգրեր:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս