10:14  ,  4 հունվարի, 2019

ՀԲՖ նախագահ. Պետք է լինել ավելի ուշիմ եւ սեփական քմահաճույքներով չվարկաբեկել սեփական երկիրը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի համար 2018 թվականը ցնցումներով լի էր, բայց խոսքը ոչ թե մարզիկների մրցելույթների մասին է, այլ ֆեդերացիայի նախագահի ընտրություների շուրջ սկանդալների:

Սիրողական բռնցքամարտիկների համար տարին հանգիստ էր՝ առանց աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների: Հաղթանակներով տարի ստացվեց պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկների համար: 2018-ում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը 3 չեմպիոնական գոտիներ նվաճեցին երիտասարդների մեջ. Նարեկ Աբգարյանն ու Արամ Ավագյանը նվաճեցին WBC Internacional Silver չեմպիոնների գոտին իրենց քաշային կարգերում, իսկ Գոռ Երիցյանը WBO վարկածով աշխարհի երիտասարդական չեմպիոնի տիտղոսը:

ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանը NEWS.am Sport-ի համար ամփոփեց անցնող տարին:

Մրցաշրջան-2018

2018-ը բավական լավ տարի էր մեզ համար: Ցավոք՝ չունեինք մեծահասակների աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ: Բայց մեծ հաջողություններ գրանցեցինք պրոֆեսիոնալ բռնցքամարտում, որն արդեն ընդգրկված է օլիմպիական վարկանիշային մրցաշարերի ցանկում եւ տալիս է հնարավորություն բռնցքամարտիկներին նվաճել նաեւ օլիմպիական ուղեգրեր Տոկիո-2020-ի համար նաեւ պրոֆեսիոնալ ռինգում:

Այսքանով հանդերձ Հայաստանի սպորտի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը չցանկացան «Տարվա 10 լավագույն մարզիկների» հավակնորդների ցանկում ընդգրկել նաեւ մեր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին: Ինձ համար զարմանալի էր, թե ինչու սպորտի նախարարությունից ոչ պաշտոնական՝ զանգերի մակարդակով ասացին, որ պրոֆեսիոնալ մարզիկներին չներկայացնենք: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստին կարելի է ներկայացնել, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկին՝ ոչ, այն դեպքում, երբ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները մասնակցում են Օլիմպիական խաղերին:

Ես կասկած չունեմ, որ մեր տղաները լավագույն տասնյակում տեղ կգտնեին, որովհետեւ նրանց ճանաչում են, սիրված են եւ նրանց ավանդը հայկական սպորտում մեծ է: Վերջիվերջո 3 աշխարհի գոտի նվաճեցինք այս տարի: Տարին շեշտադրված էր պրոֆեսիոնալների վրա, քանի որ, արդեն ասացի սիրողականում մեծահասակներում չունեինք աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ: Երիտասարդները նույնպես լավ արդյունքներ գրանցեցին այս տարի՝ երիտասարդների Եվրոպայի առաջնությունից 3 մեդալ, ուսանողական խաղերից 3 մեդալ:

2018-ը՝ ՀԲՖ - ՀԱՕԿ «պատերազմով»

Կրքերը չեն հանդարտվում արդեն շուրջ կես տարի, այն պահից, երբ ես որոշեցի առաջադրվել ՀԱՕԿ նախագահի պաշտոնում: Պահանջը մեկն է՝ անվավեր ճանաչել ՀԲՖ նախագահի ընտությունները եւ նորն անցկացնել: Մեծ պայքար է ընթանում իմ գլխավորած ֆեդերացիայի եւ իմ դեմ՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից ինձ հեռացնելու եւ բռնցքամարտը Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո առնելու փորձերով:

Այս պայքարը հասել է մինչեւ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա (ԱԻԲԱ): Այս բոլոր վեճերն ու անհամաձայնությունները Հայաստանի իրավական դաշտում է գտնվում: Եվ բողոք գրել միջազգային կառույցին, երկրորդական խնդիր է: Հարցը լուծվելու է Հայաստանի օրենսդրության շրջանականերում եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կանոնադրության համաձայն: Մեզ հենց այս բովանդակությամբ նամակ է գրել ԱԻԲԱ-ն: Այսքանից հետո միջազգային կառույցին կրկին նամակ գրել, բողոք-դիմումներով հանդես գալը անիմաստ է եւ անհասկանալի:

ԱԻԲԱ-ն այս խնդրի ուսումնասիրման եւ լուծման պատասխանատվությունը դրել է EUBC-ի՝ եվրոպական կառույցի վրա, որի ղեկավարը մեզանից պահանջել էր փաստաթղթեր, տեսագրություններ եւ հստակ պատասխանել, որ խնդիրը ներքին կանոնակարգային է եւ լուծում պետք է գտնի երկրի ներսում: Եվ վերջապես՝ ֆեդերացիան որեւէ գրավոր բողոք չի ստացել անցկացրած ընտրությունների վերաբերյալ ոչ սպորտի նախարարությունից, ոչ օլիմպիական կոմիտեից եւ ոչ էլ ֆեդերացիայի անդամներից: Խոսակցությունների մակարդակում ուղղակի լրջություն չկա այս խնդրում:

Վերջերս ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարությամբ հանդես եկավ, որ ստացել է գրավոր նամակ ԱԻԲԱ-ից, որտեղ ասվում է, թե գտնվել են խախտումներ եւ հարկ կա անցկացնել նոր ընտրություններ: ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի հրապարակած նամակն անձամբ իմ անունով է, բայց ոչ ֆեդերացիան եւ ոչ էլ ես որեւէ նամակ չենք ստացել նման բովանդակությամբ: Մենք հարցում ենք ուղարկել ԱԻԲԱ-ին, նամակի իսկության վերաբերյալ, բայց դեռ պատասխանը չենք ստացել: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ է ինձ ուղղված նամակը եկել ոչ թե ինձ կամ ֆեդերացիային, այլ ՀԱՕԿ-ին. ծիծաղելի է... Մի գուցե այստեղ ինչ-որ խաբեություն կա՞... Համբերենք եւ կստանանք պատասխանը:

Ես երբեք չեմ խուսափել նոր ընտրություններից եւ բազմիցս առաջարկել եմ՝ գտնել իրավական ճանապարհ եւ թեկուզ 10 անգամ նոր ընտրություններ անցկացնել: Սա որեւէ մեկի անձնական քմահաճույքով չպետք է լինի, այլ իրավական ճանապարհով: Մեր ընտրություններից հետո, ես՝ որպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիսյի նախագահ եւ Հայաստանի պատվիրակ, մասնակցել եմ ԱԻԲԱ-ի նախագահի ընտրություններին: Անհեթեթություն է ՀԱՕԿ-ի ներկայացրած նամակի բովանդակությունը, որտեղ նշված է, թե ԱԻԲԱ-ն սառեցրել է Հայաստանի ֆեդերացիայի հետ գործունեությունը, ապա Հայաստանը մասնակցում ԱԻԲԱ-ի ընտրություններին իմ դեմքով, որպես ՀԲՖ պատվիրակ. անհամատեղելի է... Իսկ առաջիկայում ԱԻԲԱ-ի կողմից երաշխավորված եմ, որպես ՀԲՖ պատվիրակ մասնակցել նաեւ եվրոպական կառույցի ղեկավարի ընտրությանը: Այսքանից հետո խոսք լինել ԱԻԲԱ-ի եւ ՀԲՖ-ի հարաբերությունների սառեցման մասին չի կարող: Ինձ մոտ խիստ կասկած է առաջացնում այդ նամակի բովանդակությունը:

Ի դեպ, իմ նամակն ուղղված ՀԱՕԿ-ին եւ ՀԱՕԿ-ի նախագահին, մինչ օրս անպատասխան է մնացել: Ես կարող եմ ենթադրել, որ ՀԱՕԿ-ը կամ սառեցրել է ինքն ի գործունեությունը, կամ Հայաստանում նման կառույց գոյություն չունի, որովհետեւ գրավոր նամակին ըստ օրենքի պատասխանելու ժամկետն արդեն անցել է եւ մինչ օրս պատասխան չկա:

Նախաօլիմպիական 2019-ը

Հսկայական ծրագրեր ունենք, բայց մի փոքր տարբեր է: Բռնցքամարտը բաժանավել է երկու թեւի՝ սիրողական եւ պրոֆեսիոնալ: Օլիմպիական վարկանիշներ պետք է ձեռք բերեն երկու թեւն էլ: Մենք լուրջ խնդիր ունենք մարզիկներին առանձին-առանձին նախապատրաստելուն: Թե սիրողականների, թե պրոֆեսիոնալների հետ մեծ աշխատանք կա անելու 2019-ում եւ պետք է չխառնվենք իրար, հերթականությամբ բոլորին նախապատրաստենք վարկանիշային մրցաշարերի: Բռնցքամարտիկների մի խումբը՝ մեր ուժեղագույնները տարեսկզբին կանցնեն ուսումնամարզական հավաք ԱՄՆ-ում: 2019-ում շեշտադրությունը կդրվի սիրողականների վրա:

Ի դեպ, հաջող սերունդ ունենք երիտասարդներից եկող, շատ լավ տղաներ կան: Ուզում եմ, որ նրանք շատ արագ իրենց տեղը գտնեն մեծահասակներում եւ հաստատվեն իրենց քաշային կարգերում, որպեսզի նրանց հնարավորություն տրվի մասնակցել միջազգային եւ վարկանիշային մրցաշարերի:

2019-ի օրացուցային պլանը դեռ վերջնական հաստատված չէ ԱԻԲԱ-ի կողմից: 2019-ում ունենք մեծահասակների աշխարհի առաջնություն, որը կայանալու էր Սոչիում, բայց տեղափոխվեց Եկատերինբուրգ: Կմասնակցենք Եվրոպական խաղերին: Օլիմպիական ուղեգրեր կխաղարկվի աշխարհի առաջնությունում: Կարծում եմ՝ Եվրոպական խաղերում էլ հնարավորություն կտան ձեռք բերել ուղեգրեր: Պրոֆեսիոնալներն ամենավերջում կմտնեն պայքարի. եթե սիրողականներին չհաջողվի աշխարհի առաջնությունից օլիմպիական ուղեգրեր նվաճել, գործի կդրվի մեր «ծանր հրետանին» եւ պրոֆեսիոնալները կմասնակցեն պրոֆեսիոնալների համար նախատեսված վարկանիշային մրցաշարին:

Շնորհավորում եմ Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: Բոլորին խորհուրդ եմ տալիս՝ իրենց ցանկացած գործողությունում մի քիչ խելացի գտնվեն եւ գիտակցեն, որ իրենց հիմարությամբ կարող են վնաս տալ հայկական սպորտին եւ Հայաստանի հեղինակությանը: Պետք է լինել ավելի ուշիմ եւ սեփական քմահաճույքներով չվարկաբեկել սեփական երկիրը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով