14:20  ,  3 հունվարի, 2019

Միխայել Շումախերը դարձավ 50 տարեկան, նա հուսալի ձեռքերում է

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը հունվարի 3-ին նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը: Արդեն 5 տարի գերմանացի լեգենդար ավտոարշավորդը բժիշկների հսկողության տակ է: 2013 թվականի դեկտեմբերի 29-ին նա ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք:

Շումախերի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ՝ պարզաբանելով, թե ինչու է գաղտնի պահվում նախկին մարզիկի առողջական վիճակը:

«Կարող եք վստահ լինել, որ նա ամենահուսալի ձեռքերում է, եւ որ մենք հնարավոր ամեն բան անում ենք նրան օգնելու համար: Խնդրում ենք հասկացեք, որ մենք առաջնորդվում ենք Միխայելի ցանկությամբ եւ նրա առողջության վերաբերյալ հարցը պահում ենք գաղտնի»,- ասվում է Շումախերի կայքում հրապարակված հայտարարությունում:

Շումախերի 50-ամյակի առթիվ ստեղծվել է հավելված, որը թվային թանգարան է ավտոսպորտում նրա կարիերայի մասին հիշողություններից ու սմայլիկների հավաքածու սոցցանցերի համար: Հավելվածը հասանելի կլինի iOS եւ Android համակարգերում:

Հիշեցնենք, որ 5 տարի առաջ տեղի ունեցած միջադեպից հետո բժիշկները գերմանացի արշավորդի վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր, նա գտնվում էր կոմայի մեջ: Կես տարի անց Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հայտնեց, որ գերմանացին դուրս է եկել կոմայից եւ սկսել է արձագանքել հարազատների ձայներին: Դրանից հետո նրան տեղափոխեցին շվեյցարական Լոզան, որտեղ նա շարունակում էր վերականգնողական կուրս անցնել հիվանդանոցում: Մոտ մեկ տարի հիվանդանոցում անցկացնելուց հետո մարզիկը տեղափոխվել էր տուն, որտեղ 24-ժամյա հսկողության տակ էր գտնվում բժիշկների կողմից:

Մամուլի համաձայն՝ տան պայմաններում Շումախերի շաբաթական բուժման ծախսը կազմում էր 157 հազար եվրո:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ավտոարշավորդն այլեւս անկողնային վիճակում չէ եւ չի ստանում ահրեստական շնչառություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում