15:11  ,  3 հունվարի, 2019

Մեյվեզերը խոստովանել է, որ չի պատրաստվել Նասուկավայի հետ մենամարտին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը խոստովանել է, որ լրջորեն չէր պատրաստվել ճապոնացի Տենսին Նասուկավայի հետ մենամարտին: Ճապոնիայի Սայտամա քաղաքում տեղի ունեցած Rizin 14 մրցաշարի ցուցադրական մենամարտում 41-ամյա ամերիկացին առաջին ռաունդում հաղթել էր տեխնիկական նոկաուտով:

«Ցանկանում եմ Տենսինին շնորհակալություն հայտնել շոուի համար: Նա անպարտելի էր մինչեւ օրս, եւ ես դա արեցի երկրպագուներին ուրախացնելու համար:  Տենսինն իսկական չեմպիոն է ու հզոր մարտիկ:

Այս մենամարտից առաջ նախապատրաստական փուլ չեմ անցել: Մի քանի անգամ գնացել եմ մարզադահլիճ եւ մարզվել երիտասարդ չեմպիոն Դակուանի Մեյսի հետ»,- Մեյվերզերի խոսքը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ այդ մենամարտն ընկերական էր եւ արդյունքը չի ընդգրկվի մարզիկների պաշտոնական վիճակագրությունում: Նացուկավան հանդես է գալիս քիկբոքսինգում եւ խառը մենամարտերում: Այդ մենամարտի համար Մեյվեզերը կստանա 9 միլիոն դոլար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում