10:16  +04,  2 հունվարի, 2019

2018թ. սկանդալները հայկական սպորտում

2018 թվականը հայկական մարզաշխարհի համար ցնցումային էր: Բազմաթիվ հաղթանակների, մեդալների ու նվաճումների կողքին, հայկական մարզաշխարհում տեղի ունեցան բազմաթիվ սկանդալներ, տհաճ իրադարձություններ, մինչեւ անգամ քրեական գործեր: NEWS.am Sport-ն առանձնացրել է 2018 թվականի ամենաաղմկահարույց սկանդալները հայկական սպորտում:

Դոպինգ սկանդալ ծանրամարտում

Մրցաշրջան-2018-ը մեկնարկեց դոպինգ սկանդալով: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան դոպինգի օգտագործման դեպք հայտանբերեց կանանց Հայաստանի հավաքականում:

Մինչեւ 20 տարեկանների  Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանի դոպինգ թեստը դրական էր եղել փետրվարին Երեւանի Օլիմպավանում Հայաստանի հավաքականի անդամների հերթական դոպինգ թեստի արդյունքում:

Այդ մասին ապրիլին հայտնեց Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը  եւ մարզիկին ժամանակավորապես զրկեց միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

Հիշեցնենք, որ այդ շրջանում ծանրամարտի Հայաստսնի հավաքականները որակազրկված էին եւ ժամանակավորապես զրկված միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

Ուսումնամարզական հավաքը զուտ ֆիզիկական պատրաստվածությանն էր ուղղված եւ հայ ծանրորդները որեւէ մրցաշարի չէին նախապատրաստվում: Այդ ժամանակ դեռ պարզ չէր, թե երբ կկասեցվի Հայաստանի հավաքականների որակազրկումը եւ կհասցնեն արդյոք մեր թիմերը մասնակցել աշխարհի առաջնությանը: Բայց հստակ էր, որ թիմերը բաց էին թողնելու Եվրոպայի առաջնությունը: Ու թերեւս անհասկանալի էր, թե մարզուհին, զուտ մարզումներ անցնելու համար ինչ նպատակով է խթանիչներ օգտագործել:

Նկատենք նաեւ, որ որակազրման պատճառով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ստորագրել էր ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվող պայմանագիր, ըստ որի հավաքականի անդամները ամիսը երկու անգամ պետք է դոպինգ թեստեր հանձնեին: Խախտումներ արձանագրելու դեպքում Հայաստանի հավաքականների որակազրկումը երկարաձգվելու էր եւս մեկ տարով:

Սոնա Պողոսյանի դոպինգ թեստի դրական արդյունքները, չնայած չազդեցին հավաքականների որակազրկման կասեցման վրա, այնուամենայնիվ խախտում կատարողները պատժվեցին: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդլայնված նիստում որոշվեց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանին եւ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանին հեռացնել պաշտոնից:

Ամբողջ մեղքը դրվեց Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանի վրա, որը ժխտեց իրեն ուղղված մեղադրանքները՝ պատճառաբանելով, որ տեղյակ չի եղել իր սանի խթանիչ օգտագործելուց: 

Դոպինգ սկանդալն ավելի մեծ աղմուկ հանեց օրեր անց համացանցում հայտնված՝ կանանց ծանրամարտի Հայաստանի հավաքականից հեռացված մարզիչ, Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանի հոսպիտալացվելու լուրերից հետո: Խոսակցություններ էին շրջանառվում, որ Արման Ղազարյանին ծեծել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Սոնա Պողոսյանին խթանիչներ տալու պատճառով: Արման Պողոսյանին նաեւ մեղադրում էին միտումնավոր Սոնա Պողոսյանին խթանիչ տրամադրելու մեջ: Ծեծի ենթարկվելու մասին շրջանառվող լուրերն այդպես էլ չհաստատվեցին, իսկ Արման Ղազարյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկ այլ «պատմություն» պատմեց իր հոսպիտալացվելու առնչությամբ, նշելով որ հիվանդանոցում է հայտնվել իր տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս բարձրությունից անփութությամբ ցած ընկնելու հետեւանքով:  

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները որակազրկումից ազատվեցին, բայց կանանց հավաքականը մնաց առանց գլխավոր մարզիչի, որի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել էր տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Արման Ղազարյանը հեռացվեց հայկական ծանրամարտից, Սոնա Պողոսյանը որակազրկվեց, իսկ հավաքականը երկար տարիներ գլխավորած Արտաշես Ներսիսյանը մնաց անգործ: Այս շրջանում ՀԾՖ-ն քննարկում է Արտաշես Ներսիսյանին հավաքական վերադարձնելու մասին որոշումը եւ 2019 թվականին Արտաշես Ներսիսյանը կրկին կվերադառնա իր աշխատանքին, ինչի մասին NEWS.am Sport-ին հայտնել է ՀԾՖ գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Չբացահայտված ծեծկռտուքի դեպք «Օլիմպավանում» բռնցքամարտիկի հոր մասնակցությամբ

Տարին շարունակվեց մեկ այլ միջադեպով, այս անգամ արդեն բռնցքամարտիկների մասնակցությամբ: Հուլիսի 2-ին «Օլիմպավանոււմ» տեղի ունեցած բռնցքամարտիկների ժողովի ընթացքում, որին մասնակցել էր նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, տեղի է ունեցել ծեծկռտուք: Բանն այն է, որ երիտասարդների աշխարհի չեմպիոն Նիկոլ Արությունովի հայրն այդ օրը երեկոյան տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղից հաղորդում էր ստացվել առ այն, որ «աջակողմյան եզրային պնևմոթորաքս /կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն/, 9-րդ կողոսկրի կոտրվածք աջից, ենթամաշկային էմֆիզեմա հետին մակերեսի կրծքավանդակի աջ կեսով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի մի բնակիչ՝ ծնված 1968-ին:

Բռնցքամարտիկի հայրն այդ օրը Օլիմպավանում մասնակցել էր բռնցքամարտի ներկայացուցիչների հանդիպմանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, որի ընթացքում, ըստ լուրերի Նիկոլ Արությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ տհաճ խոսացկություն է եղել, ինչի պատճառով տեղի է ունեցել ծեծկռտուք: Բանն այն է, որ Նիկոլ Արությունովը բանակային տարիքում է եւ գտնվում է Մոսկվայում, իսկ Հայաստան գալուն պես պետք է անցնի պարտադիր ծառայություն:

Երիտասարդների աշխարհի նախկին չեմպիոնն այժմ գտնվում է հետախուզման մեջ, իսկ բռնցքամարտիկի հայրը մի քանի անգամ դիմել է Հայաստանի սպոտի ղեկավարությանը զինծառայության հարցը լուծելու խնդրանքով: Կրկին շրջանառվող լուրերի համաձայն, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ խոստացել է մարզիկի հորը լուծում տալ այդ խնդրին, սակայն այդպես էլ խոստումը չի կատարել, ինչի հետեւանքով «Օլիմպավանում» խնդրի մասին բարձրաձայնելուց հետո տեղի է ունեցել ծեծկռտուքը:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ գործով ձերբակալվել էր Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանը: Գործն ուղարկվել էր Հատուկ քննչական ծառայություն, սակայն Նիկոլ Արությունովի հայրն իր ցուցմունքում ժխտել է ծեծի ենթարկվելու մասին կանխավարկածը: Այդ շրջանում տարբեր լրատվամիջոցներով հարցազրույցներով հանդես եկավ նաեւ Նիկոլ Արությունովի մայրը՝ նշելով, թե Վյաչեսլավ Արությունովն «Օլիմպավանում» պատահաբար ընկել է եւ վնասվել: Միջադեպի մասին նաեւ խոսել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, միջադեպը որակելով տգեղ երեւույթ

Դեպքի մանրամասները բացահայտված չեն եւ հայտնի չէ, թե իրականում ինչ է տեղի ունեցել եւ ինչու է բռնցքամարտիկի հայրը հայտնվել հիվանդանոցում: Բռնցքամարտիկի ծնողներն ու անձամբ Նիկոլ Արությունովն այս դեպքի առնչությամբ այլեւս որեւէ տեղեկություն չեն հայտնում եւ չեն խոսում:

«Պատերազմ» բռնցքամարտում՝ Գագիկ Ծառուկյանի ու Արթուր Գեւորգյանի մասնակցությամբ

Տարվա երկրորդ կեսում հայկական մարզաշխարհը ցնցեց ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի եւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անհամաձայնությունը բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ: 2018-ի օգոստոսի 2-ին Արթուր Գեւորգյանը վերընտրվեց ՀԲՖ նախագահի պաշտոնում: Բռնցքամարտի մի խումբ ներկայացուցիչներ ՀԱՕԿ-ի հետ համախմբվեցին ընդդեմ Արթուր Գեւորգյանի, իսկ կայացած ընտրությունները որակեցին խախտումներով՝ պահանջելով նոր ընտրությունների անցկացում: Սկանդալը «պայթեց» մասնավորապես այն բանից հետո, երբ Արթուր Գեւորգյանը հայտարարեց 2020 թվականին կայանալիք ՀԱՕԿ նախագահի ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին:

Որոշ ժամանակ անց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ կայացած ընտրություններն անցել են խախտումներով եւ հարկ եղած դեպքում նա կստեղծի մեկ այլ հանրապետական ֆեդերացիա, որը կհաստատվի Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (ԱԻԲԱ) կողմից եւ կներկայացնի Հայաստանի բռնցքամարտիկներին միջազգային ռինգում: Հայտարարությունից մեկ շաբաթ անց ստեղծվեց բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա, որը պարբերաբար հանդես էր գալիս Արթուր Գեւրոգյանի հարաժարականի պահանջներով: Սակայն մեկ սեղանի շուրջ խնդրին լուծում տալու Արթուր Գեւորգյանի առաջարկներին նորաստեղծ ֆեդերացիան այդպես էլ ընդհառաջ չեկավ:

ՀԲՖ նախագահը դատապարտեց ՀԱՕԿ-ի եւ Սպորտի նախարարության միջամտությունը ֆեդերացիայի գործունեությանը: Խնդրի լուծմանը միջամտեց սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, որը խոստացավ եռակողմ հանդիպում կազմակերպել Արթուր Գեւորգյանի, իր եւ նորաստեղծ ֆեդերացիայի միջեւ, սակայն հանդիպումն այդպես էլ չկայացավ, քանի որ հանդիպմանը ներկայացավ միայն Արթուր Գեւորգյանը: Ըստ ՀԲՖ նախագահի, ֆեդերացիայի ընտրություններն անցել են առանց խախտումներին եւ ընտրությունների արդյունքները մինչ օրս որեւէ մեկը չի բողոքարկել, իսկ նորաստեղծ ֆեդերացիան չի ընդունում ընտրության արդյունքները, պնդելով, որ այն անցել է բաց դռներով եւ բազմաթիվ խախտումներով:

Օրերս ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն իր ֆեյսբուքայն էջում հայտարարություն տարածեց այն մասին, որ ԱԻԲԱ-ն ուսումնասիրություններ է անցկացրել եւ գտել բազմաթիվ խախտումներ ընտրություններում եւ պահանջում է նոր ընտրությունների անցկացում:

Ի դեպ, Հրաչյա Ռոստոմյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված նամակը ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի անունով է, իսկ անձամբ Արթուր Գեւորգյանը հերքում է, որ որեւէ նմանատիպ նամակ է ստացել ԱԻԲԱ-ից:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ կրքերը չեն հանդարտվում, միմյանց դեմ ուղղված մեղադրանքները եւս: Ըստ Արթուր Գեւորգյանի, ՀԱՕԿ նախագահը նպատակ ունի բռնցքամարտի ֆեդերացիան խլել իր ձեռքից, իսկ մարզաձեւը վերցնել իր հսկողության ներքո, այնպես, ինչպես մյուս բոլոր մարզաձեւերում:

Արթուր Ալեքսանյանի վնասվածքների բուժումը սեփական միջոցներով

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հայրը Բուդապեշտում կայացած  հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո հայտարարեց, որ իր որդին մրցագորգում, մարզադահլիճներում ստացած վնասվածքները բուժում է սեփական միջոցներով եւ մեղադրեց կառավարությանն ու Հայաստանի սպորտի ղեկավարներին որեւէ աջակցություն չցուցաբերելու մեջ: Երկրի 14-րդ օլիմպիական չեմպիոնի, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոնի վնասվածքները անուշադրության մատնելու մասին փաստը ցնցեց մարզաշխարհը:

NEWS.am Sport-ի անդրադարձն Արթուր Ալեքսանյանի հայրը հաստատեց եւ մանրամասնեց հայտարարությունն այն մասին, որ Արթուր Ալեքսանյանը միշտ էլ սեփական միջոցներով է բուժվել եւ որեւէ ֆինանսական աջակցություն չի ստանում որեւէ մեկից իր վնասվածքները վերականգնելու հարցում: 

Իսկ այժմ մարզիկը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ բուժում է ստանում կրկին սեփական միջոցներով: Այդ մասին խոսեց նաեւ սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, նշելով, որ տեղյակ չեն եղել Արթուր Ալեքսանյանի ԱՄՆ մեկնելու նպատակների մասին: Սակայն հատկանաշնական է, որ աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջատար մարզիկը հրաժարվեց բրոնզե մեդալի համար պայքարից հենց վնասվածքի պատճառով, որը ստացել էր մեկնարկային գոտեմարտում: Ըստ Գաբրիել Ղազարյանի Արթուր Ալեքսանյանը ոչ սպորտի նախարարությանը, ոչ էլ ՀԱՕԿ-ին չի դիմել իր վնասվածքները բուժելու նպատակով ֆինասավորում ստանալու հարցով:

Ի դեպ, դեկտեմբերի 27-ին «Օլիմպավանում» ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրեց իր համար տարվա լավագույն մարզիկներին, որոնց շարքում էր նաեւ Արթուր Ալեքսանյանը: Օլիմպիական չեմպիոնը, սակայն չէր կարող ներկա գտնվել պարգեւատրմանը, քանի որ մինչ օրս ԱՄՆ-ում է, որտեղ բուժումներին զուգահեռ նաեւ մարզումներ է անցկացնում: ՀԱՕԿ նախագահի կողմից Արթուր Ալեքսանյանը ստացավ Hundai մակնիշի ավտոմեքենա, սակայն նվերը ստացավ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին, քանի որ պարգեւատրմանը չէր ներկայացել նաեւ Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Քրեական գործ՝ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի դեմ

Խաղաղ չէ նաեւ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում, որի պատվավոր նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված հայտնի քրեական գործից հետո ֆեդերացիայում պառակտում է՝ մի մասը ցանկանում է ֆեդերացիայի նախագահի ընտրություն, ղեկավար կազմի փոփոխություն, իսկ մյուս մասը փորձում է պահպանել ներկայիս գործող կազմը:

Ֆեդերացիայի նախագահը գեներալ Մանվել Գրիգորյանի որդին էր՝ Կարեն Գրիգորյանը, որի լիազորություններն արդեն ավարտվել են: Բողոքողներից մեկը Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահության անդամ, Արցախի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ, ՀԹՖ  «Հվարանգ» ակումբի նախագահ Վրեժ Խաչիկյանն է, որը բազմաթիվ խախտումներ է հայտաբերել ՀԹՖ-ի ֆինանսական գործերում, յուրացումներ եւ կոռումպիցա, որում մեղադրվում է ՀԹՖ փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը եւ թաեքվոնդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանը: Փոխադարձ մեղադրանքներից, պարզաբանումներից, մինչեւ անգամ անձնական վիրավորանքներից հետո Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի դեմ հարուցվեց քրեական գործ, ինչի մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Վրեժ Խաչիկյանը հայտնել էր, որ մի շարք խարդախությունների եւ համակարգում կոռուպցիայի կասկածանքով Հայաստանի քննչական կոմիտե հաղորդում է ներկայացրել մի խումբ ծնողների հետ, որպեսզի ուսումնասիրվի Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի 2012 թվականից մուտք գործած ֆինանսների ծախսը:

Ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը հերքում է բոլոր մեղադրանքները եւ փաստում, որ ունի բոլոր ապացույցները, փաստաթղթերը՝ ֆեդերացիայի արդար եւ մաքուր գործունեության վերաբերյալ եւ, որ ֆեդերացիա մուտք գործած  ֆինանսներից ոչ մի լումա չի յուրացվել:

Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ այն է՝ յուրացնել կամ վատնել խոշոր չափի գումար, ինչը պատժվում է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկ չափով կամ ազատազրկմամբ 2-5 տարի ժամկետով: Այժմ գործն ընթացքի մեջ է, երկու կողմերը հարցաքննվում են: Ի դեպ, նոյեմբերի 4-ից ավարտվել են ֆեդերացիայի նախագահ Կարեն Գրիգորյանի լիազորությունները, իսկ քրեական գործի պատճառով նոր նախագահի ընտրություն տեղի չի ունեցել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ